ՅՈԲ 31:1-40 ABA1910 - Bible AI

1Ուխտ արի աչքերիս հետ, որ կոյսի վերայ չ’մտածեմ։

2Եւ ի՞նչ բաժին կայ Աստուածանից վերեւից, եւ ժառանգութիւն Ամենակարողից բարձրերիցը։

3Չէ՞ որ ամբարշտի համար կորուստ կայ. Եւ չարիք՝ անօրէնութիւն գործողների համար։

4Չէ՞ որ նա տեսնում է իմ ճանապարհները, եւ համարում՝ իմ բոլոր քայլերը։

5Եթէ ես ստութեամբ եմ շրջել, եւ իմ ոտքը շտապել է նենգութեան,

6Թող կշռէ ինձ արդարութեան կշռով, եւ իմանայ Աստուած իմ կատարելութիւնը։

7Եթէ իմ ոտքը խոտորել է ճանապարհիցը, եւ իմ սրտին հետեւել իմ աչքը, եւ իմ ձեռքերին կպել մի արատ,

8Թող ես սերմեմ, եւ ուրիշն ուտէ, եւ իմ շառաւիղները արմատից խլուին։

9Եթէ սիրտս մոլորուել է մի կնոջ մասին, եւ ես դարանամուտ եմ եղել իմ դրացիի դռան,

10Իմ կինը ուրիշի համար աղօրիքը դարձնէ, եւ նորա վերայ ծռեն ուրիշները։

11Որովհետեւ դա պղծագործութիւն է, եւ դատաւորների դատելի անօրէնութիւն։

12Որովհետեւ դա մի կրակ է՝ մինչեւ տարտարոսը լափող, որ իմ բոլոր արդիւնքն արմատիցը կ’խլէ։

13Եթէ ես արհամարհել եմ իմ ծառայի կամ աղախնի իրաւունքը, նորանք ինձ հետ վէճ ունեցած ժամանակին,

14Այն ժամանակ ես ի՞նչ կ’անեմ, երբոր Աստուած վեր կենայ. Եւ երբոր նա քննէ, ես ի՞նչ պատասխան կ’տամ.

15Չէ՞ որ ինձ որովայնում ստեղծողն է նորան ստեղծել, եւ մեզ արգանդում պատրաստողը մէկն է։

16Եթէ աղքատի ուզածը մերժել եմ, եւ որբեւայրիի աչքերը հանգցրել եմ,

17Եթէ պատառս մինակ եմ կերել, եւ որբը նորանից չէ կերել,

18(Որովհետեւ նա իմ մանկութիւնից ի վեր ինձ մօտ մեծացաւ իբրեւ հօր մօտ, եւ մօրս արգանդիցը նորան գթացել եմ,)

19Եթէ ես մէկ կորած եմ տեսել առանց հագուստի, կամ թէ որ ծածկոց չ’ունի աղքատը,՝՝

20Եթէ ինձ չեն օրհնել նորա երանքները, եւ նա չէ տաքացել իմ ոչխարների բրդիցը,

21Եթէ իմ ձեռքը բարձրացրել եմ որբի վերայ, երբոր ես դռան մէջ տեսայ իմ օգնութիւնը,

22Թող իմ թեւը իմ ուսիցը վայր ընկնէ, եւ բազուկս արմունկիցս կոտրուի։

23Որովհետեւ Աստուծոյ կորցնելը վախ էր ինձ վերայ. Եւ նորա մեծափառութիւնիցը չէի կարող պրծնել։

24Եթէ ես ոսկին շինել եմ իմ յոյսը, կամ մաքուր ոսկիին ասել եմ. Իմ վստահութի՜ւն.

25Եթէ ես ուրախացել եմ, թէ ստացուածքս շատ է, եւ ձեռքս առատութիւն է գտել.

26Կամ եթէ նայել եմ արեւին, երբոր փայլում էր, եւ լուսնին, երբոր պայծառութեամբ գնում էր,

27Կամ սիրտս խաբուել է ծածուկ, եւ ձեռքս պագել է բերանս.

28Որ դա էլ դատաւորների դատելի անօրէնութիւն է. Որովհետեւ ուրացած պիտի լինէի Աստուծուն ի վերուստ.

29Եթէ ուրախացել եմ ատողիս կորուստովը, կամ զուարճացել եմ որ նորան չարիք է հանդիպել.

30Այլ նոյն իսկ թող չեմ տուել կոկորդիս մեղանչելու նորա անձի համար անէծք փափաքելով.

31Եթէ իմ վրանի մարդիկն ասած չ’լինին. Ոհ թէ չ’կշտանայինք նորա մսիցը.

32(Պանդուխտը չէր օթեւանում դրսումը, դռներս բանում էի ճանապարհորդին.)

33Եթէ յանցանքս ծածկել եմ Ադամի պէս, որ պահէի ծոցումս իմ անօրէնութիւնը,

34Որովհետեւ վախեցած լինիմ շատ բազմութիւնից, եւ ցեղերի անարգանքը զարհուրեցրած լինի, եւ ես լռած եւ դռնիցը դուրս եկած չ’լինիմ.

35Երանի՜ ինձ, թէ մէկը ինձ լսէր. (ահա իմ փափաքը՝ որ Ամենակարողն ինձ պատասխանէր,) եւ մի գիրք գրէր իմ ջատագովը,

36Անշուշտ նորան ուսիս վերայ կ’առնէի, եւ պսակի պէս կ’կապէի ինձ վերայ։

37Քայլերիս համարանքը նորան կ’իմացնէի, իշխանի պէս կ’մօտենայի նորան։

38Եթէ ինձ դէմ աղաղակել է իմ երկիրը, եւ նորա համայն ակօսները լացել են,

39Եթէ նորա արդիւնքը կերել եմ առանց փողի, եւ նորա տիրոջ հոգին հանգցրել եմ,

40Թող ցորենի տեղ փուշ դուրս գայ, եւ գարիի տեղ որոմ։ Յոբի խօսքերը վերջացան։

ՀԱԸ
div>