1Եւ Եղիուսը պատասխանելով ասեց.
2Լսեցէք իմ խօսքը, ով իմաստուններ, եւ ով գիտուններ, ականջ դրէք ինձ։
3Որովհետեւ ականջը կ’որոշէ խօսքերը, եւ քիմքը կ’առնէ կերակուրի համը։
4Իրաւունք ընտրենք մեզ համար. Իմանանք մեր մէջ, թէ ի՞նչն է բարի։
5Որովհետեւ Յոբն ասեց. Արդար եմ. բայց Աստուած մերժեց իմ իրաւունքը։
6Իրաւունքիս դէմ ստե՞մ. Անբուժելի է իմ վէրքը՝ առանց յանցանքի։
7Ո՞ր մարդը կայ Յոբի նման, որ հայհոյութիւնը խմում է ջրի պէս,
8Եւ գնում է ընկերանում չարագործների հետ, եւ ման գալիս ամբարիշտ մարդկանց հետ.
9Որովհետեւ ասեց. Օգուտ չ’ունի մարդս, Աստուծոյ հաճութեան մէջ լինելով։
10Սորա համար, ով իմաստուն մարդիկ, ինձ լսեցէք, քաւ լիցի որ Աստուած չարութիւն անէ եւ Ամենակարողը՝ անօրէնութիւն։
11Որովհետեւ մարդս անում է, եւ Աստուած վճարում է նորան. Եւ մարդիս ճանապարհին համեմատ գտնել է տալիս նորան։
12Բայց յիրաւի Աստուած անօրէնութիւն չի անիլ, եւ Ամենակարողը չի ծռիլ իրաւունքը։
13Ո՞վ յանձնեց նորան երկիրը, եւ ո՞վ կարգի դրաւ բոլոր աշխարհքը։
14Եթէ նա իրան վերայ դարձնէ իր սիրտը, իր հոգին եւ իր շունչը ժողովէ իրան մօտ.
15Ամեն մարմին միասին կ’մեռնի, եւ մարդս հողը կ’դառնայ։
16Եւ եթէ խելք ունիս, լսիր այս բաները. Ականջ դիր իմ խօսքերի ձայնին։
17Մի՞թէ արդարութիւն ատողը կարող է իշխել. Եւ կամ թէ արդար Հզօրին կարո՞ղ ես յանցաւոր անել.
18Նա որ թագաւորին ասում է՝՝. Ով անպիտան. Ազնուականներին՝ Ով չար։
19Նա որ իշխաններին աչառութիւն չի անիլ, եւ հարուստին աւելի ուշադրութիւն չի անիլ աղքատիցը, որովհետեւ ամենքն էլ նորա ձեռքի գործն են։
20Մէկ վայրկեանում կ’մեռնեն, եւ մի կէս գիշերում մի ժողովուրդ շփոթվում անցնում է, եւ զօրաւորներն անց են կենում՝ առանց ձեռք դպչելու։
21Որովհետեւ նորա աչքերը մարդիս ճանապարհների վերան են. Եւ նորա բոլոր քայլերը նա տեսնում է։
22Ոչ խաւար կայ, եւ ոչ մահուան ստուեր, որ այնտեղ թաքչուէին չարագործները։
23Որովհետեւ մարդիս էլ չէ ստիպում, որ դատի համար Աստուծոյ մօտ գնայ։
24Նա փշրում է մեծամեծներին առանց քննութեան, եւ ուրիշներին՝ դնում նորանց տեղը։
25Եւ այսպէս տեղեակ է նորանց գործերիցը, եւ տապալում է գիշերը, եւ նորանք ջարդվում են։
26Որովհետեւ անզգամ մարդիկ են. Ծեծում է նորանց հանդիսատեսների տեղումը.
27Նորա համար որ նորան հետեւելուցը հեռացան, եւ նորա բոլոր ճանապարհներին խելամուտ չ’եղան։
28Այնպէս որ նորա մօտ գնաց աղքատի աղաղակը. Եւ նա զրկեալների աղաղակը լսեց։
29Եւ եթէ նա հանգստացնէ, ո՞վ է կարող ներել, եւ եթէ նա երեսը ծածկէ, ո՞վ է կարող նորան տեսնել. Թէ մի ազգի համար, թէ մէկ մարդի համար՝ մէկ է.
30Որպէսզի չ’թագաւորէ կեղծաւորը, եւ ժողովրդի որոգայթ չ’լինի։
31Որովհետեւ պէտք է ասել Աստուծոյ, թէ Ինձ բարձրացրի՝՝. Էլ չարութիւն չեմ անիլ.
32Այն որ չեմ տեսնում, ինձ սովորեցրու. Եթէ ամբարշտութիւն եմ գործել, էլ չեմ անիլ։
33Մի՞թէ քո գաղափարի պէս է հատուցանելու, որ դու հակառակում ես. Ուրեմն դու պիտի ընտրես եւ ոչ թէ ես. Ինչ որ գիտես՝ ասիր։
34Իմաստուններն ինձ կ’ասեն, նոյնպէս եւ գիտուն մարդը՝ որ ինձ լսում է,
35Թէ Յոբը գիտութիւնով չէ խօսել, եւ նորա խօսքերը իմաստութեամբ չեն.
36Ոհ եթէ Յոբը փորձուէր իսպառ, ամբարիշտ մարդկանց պէս տուած պատասխանների համար։
37Որովհետեւ մեղքի վերայ յանցանք աւելացրեց. Մեր միջում ծափ է տալիս, եւ շատացնում է իր խօսքերը Աստուծոյ դէմ։