ՅՈԲ 36:1-33 ABA1910 - Bible AI

1Եւ Եղիուսը շարունակելով ասեց.

2Մի փոքր համբերիր, որ քեզ սովորեցնեմ, որովհետեւ դեռ էլ խօսք կայ Աստուծոյ համար։

3Ես իմ գիտութիւնը հեռուից պիտի սկսեմ, եւ իմ Արարչին պիտի արդարութիւն ընծայեմ։

4Որովհետեւ իմ խօսքը սուտ չէ. Քեզ մօտ մէկ գիտութեամբ կատարեալը կայ։

5Ահա Աստուած հզօր է, բայց չի արհամարհիլ. հզօր է սրտին զօրութեամբը։

6Նա ամբարշտին չի ապրեցնիլ, եւ նեղեալներին իրաւունքը կ’տայ։

7Նա ետ չի քաշիլ արդարից իր աչքերը, այլ թագաւորների հետ նորանց աթոռի վերայ էլ կ’դնէ յաւիտեան, եւ նորանք կ’բարձրանան։

8Եւ եթէ նորանք շղթաներով կապուած լինին, եւ բռնուին թշուառութեան լարերով,

9Այն ժամանակ կ’յայտնէ նորանց իրանց գործքը, եւ իրանց յանցանքը, որ իրանց բարձրացրել էին։

10Եւ նա կ’բանայ նորանց ականջը խրատի, եւ կ’պատուիրէ որ դառնան իրանց ամբարշտութիւնիցը։

11Եթէ լսեն եւ հնազանդեն, իրանց օրերը բարիքով կ’վերջացնեն, եւ իրանց տարիները՝ զուարճութիւնով։

12Բայց եթէ չ’լսեն, սրով կ’անցնեն, եւ կ’մեռնեն առանց հասկացողութեան։

13Եւ սրտով կեղծաւորները բարկութիւն կ’դիզեն. Չեն աղաղակիլ, երբոր նորանց կապէ։

14Նորանց անձը կ’վախճանուի երիտասարդութիւնում, եւ նորանց կեանքը՝ իգացողների հետ։

15Իսկ նա աղքատին կ’ազատէ իր թշուառութիւնումը, եւ բռնութեան միջոցով կ’բանայ նորանց ականջը։

16Քեզ էլ կ’հանէր նեղութեան երախիցը մի ընդարձակ տեղ, ուր որ նեղութիւն չ’կայ, եւ քո սեղանի վերայ դրուածը պարարտալի կ’լինէր։

17Բայց դու լիքն ես անզգամների դատողութեամբը. Դատաստանն ու իրաւունքը բռնելու են քեզ։

18Որ մի գուցէ բարկութիւնը քեզ հրապուրէ ծաղրելու. Այն ժամանակ մեծ փրկանքը քեզ չի ազատիլ։

19Մի՞թէ նա մի բանի տեղ կ’դնէ քո հարստութիւնը, ոչ ոսկին եւ ոչ մի զօրաւոր ոյժը։

20Մի փափաքիր այն գիշերին, որ ժողովուրդներին կ’տեղահանէ։

21Զգուշացիր, որ չ’դառնաս դէպի ամբարշտութիւն, որովհետեւ դու սորան աւելի ընտրեցիր նեղուելուց։

22Տես՝ Աստուած բարձր է իր զօրութիւնովը. ո՞վ կայ նորան պէս սովորեցնող։

23Ո՞վ որոշեց նորա համար նորա ճանապարհը, եւ ո՞վ կ’համարձակուէ ասել. Անիրաւութիւն արիր։

24Միտք արա, որ մեծարես նորա գործքը, որոնք մարդիկ օրհներգել են։

25Ամեն մարդ նորանով հիանում է, մարդս հեռուանց է նկատում։

26Ահա Աստուած մեծ է, եւ մենք չ’գիտենք, նորա տարիների թիւը անքննելի է։

27Որովհետեւ նա քաշում է ջուրի կաթիլները. Նորանք էլ անձրեւ են թափում մռայլիցը.

28Որ տեղում են ամպերը, առատօրէն ածում մարդկանց վերայ։

29Մանաւանդ եթէ մէկը հասկանայ ամպերի տարածուիլը, նորա վրանների ճարճատմունքը։

30Ահա տարածում է իր վերայ լոյսը, եւ ծովի արմատներովը ծածկում է։

31Որովհետեւ դորանցով է դատում ազգերին եւ կերակուր շնորհում՝ առատօրէն։

32Նա իր ձեռքերումը ծածկում է կայծակը, եւ պատուիրում է նորան դէպի նշանը։

33Նորա մասին լուր է տալիս նորա շառաչիւնը. Խաշինքն անգամ նորա վեր կենալը գիտեն։

ՀԱԸ
div>