1Չէ՞ որ մարդս զինուորութիւն ունի երկրիս վերայ. Եւ նորա օրերը վարձկանի օրերի պէս են։
2Ինչպէս որ ծառան է շուքի ծարաւում, եւ ինչպէս վարձկանն է իր վարձին սպասում,
3Այսպէս էլ իմ բաժինը եղան ունայնութեան ամիսներ. Եւ թշուառութեան գիշերներ որոշուեցան ինձ համար։
4Պառկելիս ասում են թէ Ե՞րբ եմ վեր կենալու, եւ իրիկունը երկարանում է, եւ ես կշտացած եմ լինում մինչեւ առաւօտ պարան պարան անելուց։
5Մարմինս որդեր եւ հողի կոշտեր է հագել, մորթս ճեղքվում է եւ հալվում։
6Օրերս Մագոգից շուտ են վազում, եւ վերջանում են առանց յոյսի։
7Յիշիր որ կեանքս քամի է, աչքս միւսանգամ բարիք չէ տեսնելու։
8Ինձ տեսնողի աչքը այլ ևս ինձ չէ տեսնելու, աչքդ ինձ մտիկ կ’տայ, եւ ես այլ եւս չ’կամ։
9Ամպը անցնում է գնում, այնպէս էլ գերեզման իջնողը վեր չի գալ.
10Միւսանգամ ետ չի դառնալ իր տունը, եւ նորան չի ճանաչիլ նորա տեղը։
11Ես էլ չեմ զսպելու իմ բերանը, խօսելու եմ հոգուս նեղութեան ժամանակին, գանգատելու եմ սրտիս դառնութեան ժամանակին։
12Ծո՞վ եմ ես միթէ, կամ վիշա՞պ, որ դու վերաս պահապան ես դրել։
13Երբոր ասում եմ, թէ անկողինս ինձ մխիթարելու է, մահիճս կ’տանէ իմ գանգատը.
14Այն ժամանակ դու ինձ վախեցնում ես երազներով, եւ ցնորքներով զարհուրեցնում ես ինձ.
15Որ իմ հոգին ընտրում է խեղդուիլը, եւ մահը՝ քան թէ այս ոսկորներս։
16Ես ձանձրացել եմ, յաւիտեան չեմ ապրելու, հեռացիր ինձանից, որովհետեւ օրերս ունայնութիւն են։
17Ի՞նչ է մարդը, որ դու նորան մեծարես. Եւ որ ուշադրութիւնդ նորան դարձնես։
18Եւ նորան այցելես ամեն առաւօտ, ամեն վայրկեան նորան փորձես։
19Մինչեւ ե՞րբ չես ետ կենալու ինձանից. Չե՞ս թող տալու որ թուքս կուլ տամ։
20Մեղանչել եմ. Ի՞նչ եմ արել քեզ, ով մարդիկ Դիտող. Ի՞նչու ես ինձ քեզ համար նշան դրել, որ ես ինձ վերայ բեռ եմ դառել։
21Եւ ի՞նչու չես ներում իմ մեղքը, եւ իմ անօրէնութիւնը չես թողում. Որովհետեւ հիմա պիտի հողումը պառկեմ, վաղը կ’որոնես ինձ, եւ ես չ’կամ։