1Այն ժամանակ Բաղդատ Սօքեցին պատասխանելով ասեց.
2Մինչեւ ե՞րբ պիտի այդ խօսես. Մինչդեռ մեծ քամի են քո բերանի խօսքերը։
3Մի՞թէ Աստուած կ’դարձնէ դատաստանը, կամ Ամենակարողը արդարութի՞ւնը կ’դարձնէ։
4Եթէ որդիքդ նորա դէմ մեղանչել են, նա էլ նորանց մատնել է իրանց յանցանքի ձեռքը։
5Եթէ դու կանուխ դէպի Աստուած դառնաս, եւ Ամենակարողին աղաչես,
6Եթէ դու մաքուր եւ ուղիղ լինիս, նա այն ժամանակ անպատճառ կ’զարթնէ քեզ համար, եւ կ’ապահովացնէ քո արդարութեան բնակարանը.
7Թէպէտեւ քո սկիզբը պզտիկ լինի, քո վերջը շատ կ’մեծանայ։
8Բայց ա՛ղէ հարցրու առաջի սերունդից, եւ ուշ դարձրու նորանց հայրերի քննութեանը,
9Որովհետեւ մենք երէկուանն ենք եւ չենք հասկանում, որովհետեւ ստուեր են մեր օրերը երկրի վերայ.
10Ահա նորանք քեզ կ’սովորեցնեն եւ քեզ կ’ասեն, եւ իրանց սրտիցը խօսքեր կ’արտասանեն։
11Մի՞թէ պրտուն կ’բուսնի առանց տիղմի. Կնիւնը կ’աճէ՞ առանց ջրի.
12Նա դեռ իր դալարութեան մէջ՝ չ’կտրուած՝ ամեն խոտից առաջ կ’չորանայ։
13Այսպէս են բոլոր Աստուծուն մոռացողների ճանապարհները. Եւ կեղծաւոր յոյսը պիտի կորչի։
14Որովհետեւ նորա վստահութիւնը պիտի կտրուի, եւ նորա յոյսը սարդի ոստայն է։
15Նա կ’կռնէ իր տանը վերայ, եւ նա չի դիմանալ, նա կ’բռնէ նորանից, բայց նա չի կենալ։
16Նա դալար է արեգակից առաջ, եւ նորա ճիւղերը նորա պարտէզիցը վեր.
17Նորա արմատները քարակոյտին են փաթաթվում, քարերի դէզի մէջն է մտնում.
18Բայց երբոր նորան խլում են իր տեղիցը, տեղը ուրանում է նորան, թէ Քեզ չեմ տեսել։
19Ահա սա է նորա ուրախ ճանապարհը, եւ հողիցը ուրիշներն են բուսնում։
20Տես՝ Աստուած չէ մերժում արդարին, եւ չէ բռնում չարերի ձեռքիցը.
21Մինչեւ որ բերանդ լցնէ ծիծաղով, եւ շրթունքներդ՝ ցնծութեան ձայնով։
22Քեզ ատողներն ամօթով պիտի ծածկուին, եւ ամբարիշտների վրանը կ’չքանայ։