ՈՂԲ ԵՐԵՄԻԱՅԻ 2:1-22 ABA1910 - Bible AI

1Ի՜նչպէս է Տէրը ամպով պատել Սիօնի աղջկանը իր բարկութիւնովը, նա երկնքից գցեց երկրի վերայ Իսրայէլի փառքը, եւ չ’յիշեց իր ոտների պատուանդանը իր բարկութեան օրը։

2Տէրը խորտակեց առանց խնայելու Յակոբի բոլոր բնակարանները, քանդեց իր բարկութիւնովը Յուդայի աղջկայ ամրոցները, տափովը տուաւ, ապականեց թագաւորութիւնն ու նորա իշխանները։

3Նա իր բորբոքած բարկութիւնովը փշրեց Իսրայէլի բոլոր եղջիւրը, ետ դարձրեց նորա աջ ձեռքը թշնամիի երեսիցը, եւ վառուեցաւ կրակի բոցի պէս Յակոբի մէջ՝ կերաւ շուրջանակի։

4Իր աղեղը լարեց թշնամիի պէս, կանգնեց իր աջովը նեղիչի նման, եւ կոտորեց բոլոր աչքի հաճելի բաները. Կրակի պէս իր բարկութիւնը Սիօնի աղջկերանց վրանի մէջն ածեց։

5Տէրը թշնամիի պէս եղաւ, կործանեց Իսրայէլին, կործանեց նորա բոլոր պալատները, փչացրեց նորա բերդերը, եւ շատացրեց Յուդայի աղջկայ մէջ ողբն ու կոծը։

6Հարստահարեց այգիի պէս իր ցանգը, նորա ժողովատեղին փչացրեց, Տէրը մոռացրեց Սիօնի մէջ տօնը եւ շաբաթը, եւ անարգեց իր բարկութեան ցասումովը թագաւորին ու քահանային։

7Տէրը մերժեց իր սեղանը, զզուեց իր սրբարանիցը, յանձնեց թշնամիի ձեռքը նորա պալատների պարիսպները. ձայն տուին Տիրոջ տանը տօնի օրուայ պէս։

8Տէրը խորհեց Սիօնի աղջկայ պարիսպը քանդել, քաշեց լարը, ետ չ’դարձրեց իր ձեռքը կործանելուց, պատնէշն ու պարիսպը սուգ անել տուաւ, միասին տրտմեցին։

9Տափը մտան նորա դռները. Նա փչացրեց ու փշրեց նորա նիգերը, նորա թագաւորն ու նորա իշխանները ազգերի մէջ են. օրէնք չ’կայ. նորա մարգարէներն էլ չեն տեսիլք գտնում Տիրոջից։

10Հողի վերայ նստել են՝ լռել են Սիօնի աղջկայ ծերերը. փոշի բարձրացրին իրանց գլխի վերայ, քուրձեր հագան, իրանց գլուխը գետինը իջեցրին Երուսաղէմի կոյսերը։

11Աչքերս մաշուեցան արտասուքով, աղիքներս բորբոքուել են, լեարդս գետինը թափուեցաւ իմ ժողովրդի աղջկայ բեկման համար, երեխաներն ու կաթնակերները քաղաքի հրապարակներումը նուաղելիս։

12Իրանց մայրերին ասում են. Ո՞ւր է ցորենն ու գինին, քաղաքի հրապարակներումը վիրաւորուածների պէս նուաղելիս, եւ իրանց հոգին իրանց մայրերի գրկումը աւանդելիս։

13Քեզ ի՞նչ վկայեմ, քեզ ի՞նչ օրինակ բերեմ, ով Երուսաղէմի աղջիկ, քեզ ի՞նչ նմանութիւն բերեմ որ քեզ մխիթարեմ, ով Սիօնի կոյս աղջիկ. Որ քո կոտրածը մեծ է ծովի պէս, ո՞վ կ’բժշկէ քեզ։

14Քո մարգարէքը քեզ համար սուտ ու անհամ տեսիլքներ տեսան, քո անօրէնութիւնը բաց չ’արին, որ քո գերութիւնը ետ դարձնէին, եւ քեզ համար սուտ պատգամներ ու մոլորութիւններ տեսան։

15Ծափ են տալիս քեզ վերայ բոլոր ճանապարհով անցնողները, սուլում են եւ իրանց գլուխը շարժում Երուսաղէմի աղջկայ վերայ ասելով, Սա՞ է այն քաղաքը, որին ասում էին՝ Գեղեցկութեան կատարելութիւն, Բոլոր երկրի ուրախութիւն։

16Իրանց բերանը բաց արին քեզ վերայ քո բոլոր թշնամիները, սուլեցին եւ ատամ կրճտեցին ու ասեցին. Կուլ տուինք. Հէնց սա է մեր սպասած օրը. Գտանք, տեսանք։

17Տէրը կատարեց իր խորհածը, լրացրեց իր խօսքը որ պատուիրեց առաջի օրերից. քանդեց եւ չ’խնայեց, եւ ուրախացրեց քեզ վերայ քո թշնամիին. Բարձրացրեց քո նեղիչների եղջիւրը։

18Նորանց սիրտն աղաղակեց դէպի Տէրը. Ով Սիօնի աղջկայ պարիսպ, գետի պէս արտասուք թափիր ցերեկ ու գիշեր, քեզ դադար մի տար, աչքիդ բիբը թող չ’հանգստանայ։

19Վեր կաց աղաղակիր գիշերով՝ պահերի սկզբումը. սիրտդ ջրի պէս թափիր Տիրոջ երեսի առաջին, դէպի նորան բարձրացրու ձեռներդ քո երեխաների հոգիների համար, որոնք սովից նուաղում են բոլոր փողոցների գլխին։

20Նայիր, ով Տէր, եւ տես, ո՞ւմ ես այսպէս արել. Մի՞թէ կանայք իրանց պտուղը՝ գրկած երեխաներին ուտեն. Տիրոջ սրբարանումը սպանուի՞ն քահանան ու մարգարէն։

21Գետնի վերայ պառկեցին դրսումը տղան ու ծերը. Իմ կոյսերն ու իմ երիտասարդները սրով ընկան, սպանեցիր քո բարկութեան օրումը, մորթեցիր, չ’խնայեցիր։

22Տօնի օրուայ պէս կանչեցիր իմ վախերը շուրջանակի. Եւ Տիրոջ բարկութեան օրը չ’եղան պրծնող ու ազատուող, ինչ որ գրկել ու մեծացրել էի, իմ թշնամին նորանց բնաջինջ արաւ։

ticle>