ՈՂԲ ԵՐԵՄԻԱՅԻ 3:1-66 ABA1910 - Bible AI

1Ես այն մարդն եմ, որ տառապանք տեսայ նորա բարկութեան գաւազանովը։

2Նա ինձ տարաւ ու ման ածեց խաւարում եւ ոչ թէ լոյսի մէջ։

3Հէնց ինձ դէմ դառաւ, ձեռքը դարձրեց բոլոր օրը։

4Մաշեց մարմինս ու մորթս, կոտրատեց ոսկորներս։

5Ինձ դէմ շինեց եւ շրջապատեց դառնութիւնով ու տառապանքով։

6Մութ տեղերում ինձ նստեցրեց յաւիտենական մեռելների պէս։

7Ետեւիցս ցանցով պատեց որ դուրս չ’գամ, ծանրացրեց իմ շղթաները։

8Եթէ աղաղակեմ էլ եւ գոչեմ, նա արգելեց իմ աղօթքը։

9Նա պատեց իմ ճանապարհները տաշած քարերով, ծռեց իմ շաւիղները։

10Նա ինձ համար դարանակալ արջ է, մի առիւծ՝ թաքուն տեղերում։

11Նա խոտորեցրեց իմ ճանապարհները, ինձ ցիրուցան արաւ, ինձ ամայի շինեց։

12Լարեց իր աղեղը եւ ինձ կանգնեցրեց նետի նպատակի պէս։

13Իմ երիկամունքների մէջ կոխեց իր նետերը։

14Ես ծաղր եղայ իմ բոլոր ժողովրդին, նորանց երգը՝ բոլոր օրը։

15Ինձ կշտացրեց դառնութիւններով, օշինդրով արբեցրեց ինձ։

16Եւ կոտրատեց խիճերով իմ ատամները, ինձ մոխիրը դրաւ։

17Այսպէս հեռացրիր իմ անձը խաղաղութիւնից, բարիքը մոռացել եմ։

18Եւ ասեցի՝ Կորաւ իմ զօրութիւնը եւ իմ ակնկալութիւնը Տէրից։

19Յիշիր իմ տառապանքը ու իմ թշուառութիւնը, օշինդրը եւ դառնութիւնը։

20Լաւ յիշում է իմ հոգին եւ խոնարհվում է ինձանում։

21Սորանք ես իմ միտքն եմ բերում, ուրեմն եւ յոյս ունիմ։

22Տիրոջ ողորմութիւններն են, որ չ’վերջացանք, որովհետեւ չ’պակասեցան նորա գթութիւնները.

23Նորանք ամեն առաւօտ նորանոր են. Մեծ է քո հաւատարմութիւնը։

24Իմ բաժինը Տէրն է, ասեց իմ հոգին, սորա համար նորան եմ յուսալու։

25Բարի է Տէրը իրան յուսացողներին՝ այն անձին որ նորան որոնում է։

26Լաւ է յուսալ եւ սպասել լռութիւնով Տիրոջ փրկութեանը։

27Լաւ է մարդիս համար, որ լուծը իր երիտասարդութիւնումը կրէ։

28Առանձին նստում եւ լռում է, որովհետեւ լուծ դրուեցաւ նորա վերայ։

29Նա իր բերանը հողին է դնում, գուցէ յոյս կ’լինի։

30Նա իր ծնօտը տալիս է նորան զարկողին, կշտանում է նախատինքով։

31Որովհետեւ Տէրը չի մերժիլ յաւիտեան։

32Այլ թէեւ ցաւեցնէ էլ, դարձեալ կ’գթայ իր ողորմութիւնների շատութեան չափ։

33Որովհետեւ նա ’ի սրտէ չէ նեղացնում եւ տրտմեցնում մարդկանց որդիներին։

34Իր ոտների տակին կոխ տալ երկրի ամեն կապուածներին,

35Մարդի իրաւունքը ծռել Բարձրելոյն երեսի առաջին,

36Մարդիս անիրաւութիւն անել իր դատումը, Տէրը չէ՞ տեսնում։

37Ո՞վ է նա որ ասէ, եւ կատարուի, որ Տէրը չէ հրամայել։

38Բարձրելոյն բերանիցը չե՞ն դուրս գալիս չարիքն ու բարիքը։

39Ի՞նչ է տրտնջում ապրող մարդը՝ մարդը իր մեղքի մէջ։

40Քննենք մեր ճանապարհները եւ փորձենք, եւ ետ դառնանք Տիրոջը։

41Բարձրացնենք մեր սրտերը մեր ձեռքերի հետ դէպի երկնքում լինող Աստուածը։

42Մենք յանցանք արինք եւ ապստամբուեցինք. Դու չ’ներեցիր։

43Քեզ բարկութիւնով ծածկեցիր եւ մեզ հալածեցիր, սպանեցիր ու չ’խնայեցիր։

44Քեզ ամպով ծածկեցիր, որ աղօթք անց չ’կենայ։

45Աւելուք եւ անարգ արիր մեզ ազգերի մէջ։

46Մեր բոլոր թշնամիները լայն բացել են իրանց բերանը մեզ դէմ։

47Վախ եւ վիհ եղաւ մեզ համար՝ աւերումն ու կոտորած։

48Ջրի գետեր է թափում իմ աչքը իմ ժողովրդի աղջկայ բեկման համար։

49Իմ աչքը բղխում է եւ չէ դադարում՝ հանգստութիւն չ’ունի։

50Մինչեւ որ նայէ եւ տեսնէ Տէրը երկնքիցը։

51Աչքս ցաւում է հոգով չափ իմ քաղաքի բոլոր աղջկերանց համար։

52Որսալու են աշխատում ինձ ճնճղուկի պէս զուր տեղը իմ թշնամիները։

53Գուբում կտրեցին իմ կեանքը, եւ քար գցեցին ինձ վերայ։

54Ջուրերն անցան գլխովս. ես ասեցի թէ Կտրուեցայ։

55Եւ կանչեցի քո անունը, ով Տէր, խորագոյն գուբիցը։

56Ձայնս լսեցիր, մի ծածկիր ականջդ իմ հառաչանքին՝ իմ աղաղակին։

57Դու մօտեցար՝ ես քեզ կանչած օրը, ասեցիր՝ Մի վախենար։

58Իմ հոգիի դատը վարեցիր, ով Տէր, դու փրկեցիր իմ կեանքը։

59Ով Տէր, դու տեսար ինձ եղած զրկանքը, պաշտպանիր իմ դատը։

60Դու տեսար նորանց բոլոր վրէժխնդրութիւնը՝ նորանց բոլոր դիտաւորութիւնքը ինձ դէմ։

61Լսեցիր նորանց նախատինքը, ով Տէր, նորանց բոլոր դիտաւորութիւնքը ինձ դէմ։

62Իմ թշնամիների շրթունքները եւ նորանց ամեն օր արած մտածմունքները ինձ դէմ։

63Նորանց նստելն ու նորանց վեր կենալը դիտիր, ես նորանց երգն եմ։

64Նորանց հատուցում պիտի տաս, ով Տէր, նորանց ձեռքի գործերի համեմատ։

65Նորանց սրտի մթութիւն պիտի տաս, քո անէծքը նորանց վերայ լինի։

66Նորանց պիտի հալածես քո բարկութեամբը, եւ Տիրոջ երկնքի տակիցը նորանց բնաջինջ պիտի անես։

ticle>