ՈՂԲ ԵՐԵՄԻԱՅԻ 4:1-22 ABA1910 - Bible AI

1Ի՜նչպէս է մթագունել ոսկին, փոխուել է մաքուր ոսկին. Թափուած են սրբարանի քարերը ամեն փողոցների գլխին։

2Սիօնի որդիքը պատուական՝ մաքուր ոսկիի հաւասար, ի՜նչպէս համարուեցան իբրեւ ցեխի ամաններ՝ բրուտի ձեռքի գործ։

3Վիշապներն էլ են ծիծը հանում իրանց ձագերին կաթ տալիս, իմ ժողովրդի աղջիկը անգութ է դառել անապատի ջայլամների պէս։

4Կաթնակերի լեզուն ծարաւութիւնից իր քիմքին կպաւ. երեխաները հաց ուզեցին, հաց կտրող չ’կար նորանց համար։

5Համեղ բաներ ուտողները քանդուած նստել են փողոցներում, որդան կարմիրի վերայ մեծացածները աղբանոցները գրկեցին։

6Եւ մեծ եղաւ իմ ժողովրդի աղջկայ անօրէնութիւնը Սոդոմի մեղքիցը, որ հիմնայատակ եղաւ յանկարծակի, եւ նորան ձեռք չէր դպել։

7Մաքուր էին նորա ազնուականները ձիւնից, սպիտակ էին կաթից. Կարմիր էին մարմնով բուստերիցը, շափիւղայ էր նորանց կերպարանքը։

8Ածուխից սեւ եղաւ նորանց դէմքը, չեն ճանաչվում փողոցներում. նորանց մորթը նորանց ոսկորին է կպել, չորացել է փայտի պէս։

9Լաւ էին սուրից սպանուածները քան թէ սովից սպանուածները, որովհետեւ սորանք մաշուեցան՝ ագարակի պտուղներին կարօտ։

10Ողորմած կանանց ձեռքերը եփեցին իրանց զաւակներին, նորանց համար կերակուր եղան իմ ժողովրդի աղջկայ բեկման ժամանակը։

11Տէրը կատարեց իր բարկութիւնը, թափեց իր բորբոքած բարկութիւնը, եւ նա կրակ վառեց Սիօնումը, եւ նա լափեց նորա հիմունքը։

12Չ’հաւատացին երկրի թագաւորները եւ աշխարհի բոլոր բնակիչները, թէ նեղիչն ու թշնամին կ’մտնեն Երուսաղէմի դռներովը։

13Նորա մարգարէների մեղքերիցը, նորա քահանաների անօրէնութիւններիցը, որոնք թափում էին արդարների արիւնը նորա մէջ,

14Թափառեցին իբրեւ կոյրեր փողոցներումը. պղծուեցան արիւնով, որ կարող չէին դպչել նորանց հագուստներին։

15Քաշուեցէք, պիղծեր, կանչում էին նորանց, Քաշուեցէք, քաշուեցէք, մի դպչիք. Նորանք էլ փախան եւ թափառեցին. Ասեցին ազգերի մէջ՝ Այլ եւս չեն բնակուելու։

16Տիրոջ բարկութիւնը ցրուել է նորանց, էլ չէ նայելու նորանց վերայ. Քահանաների երեսը չ’յարգեցին, ծերերին չ’գթացին։

17Տակաւին մաշվում էին մեր աչքերը զուր տեղը մեր օգնութեանը սպասելով. Դիտելով սպասում էինք մի ազգի, որ չէր օգնիլ։

18Նորանք որսացին մեր քայլերը, որ չ’գնանք մեր հրապարակներումը, մեր վերջը մօտեցաւ, մեր օրերը լցուեցան. Իրաւ եկել է մեր վերջը։

19Թեթեւաշարժ են մեր հալածողները երկնքի արծիւներից, սարերի վերայ մեզ հալածեցին, դաշտումը դարան սարքեցին մեզ համար։

20Մեր կեանքի շունչը՝ Տիրոջ օծեալը բռնուեցաւ նորանց որոգայթներումը, որի համար մենք ասում էինք. Նորա հովանիի տակ կ’ապրենք ազգերի մէջ։

21Ցնծա եւ ուրախ եղիր, ով Եդովմի աղջիկ, որ բնակվում ես Հուս երկրումը, քեզ էլ կ’անցնէ բաժակը, կ’արբես եւ ինքդ քեզ կ’մերկացնես։

22Քո անօրէնութիւնը պիտի վերջանայ, ով Սիօնի աղջիկ, էլ գերի չի տանիլ քեզ. քո անօրէնութեանը կ’այցելէ, ով Եդովմի աղջիկ, կ’յայտնէ քո մեղքերը։

ticle>