1Յիշիր, ով Տէր, թէ մեզ ինչ եղաւ, եւ տես մեր անարգանքը։
2Մեր ժառանգութիւնը անցաւ օտարներին, մեր տները՝ օտարականներին։
3Որբեր եղանք առանց հօր, մեր մայրերը որբեւայրիների նման են։
4Մեր ջուրը փողով խմեցինք, մեր փայտը գնով է գալիս։
5Մեր վզին զարկուելով հալածվում ենք, վաստակեցինք ու հանգստութիւն չ’ունինք։
6Եգիպտոսին ձեռք մեկնեցինք, Ասորեստանին էլ՝ հացով կշտանալու համար։
7Մեր հայրերը մեղք գործեցին, եւ չ’կան, իսկ մենք նորանց անօրէնութիւններն ենք կրում։
8Ծառաներ տիրեցին մեզ վերայ, նորանց ձեռքից ազատող չ’կայ։
9Մեր անձի վտանգովը բերինք մեր հացը, անապատումը եղող սուրի պատճառով։
10Մեր մորթը փուռի պէս սեւացաւ, սովի տանջանաց պատճառով։
11Կանանցը Սիօնի մէջ բռնադատեցին, կոյսերին՝ Յուդայի քաղաքներումը։
12Իշխանները կախուեցան իրանց ձեռովը, ծերերի երեսը չ’յարգուեցան։
13Երիտասարդները երկանաքարեր վեր առան, եւ տղայքը փայտի տակին ընկան։
14Ծերերը դադարեցին դռնիցը, երիտասարդները՝ իրանց երգելուցը։
15Դադարեց մեր սրտի ուրախութիւնը, մեր պարը սուգի փոխուեցաւ։
16Վայր ընկաւ մեր գլխի թագը, վա՜յ մեզ, որովհետեւ մեղանչել ենք։
17Սորա համար մեր սիրտը նուաղած է, սորանց համար խաւարուեցան մեր աչքերը։
18Սիօն սարի համար, որ աւերակ է, աղուէսներ են ման գալիս նորանում։
19Դու, ով Տէր, յաւիտեան կաս, քո աթոռը ազգից ազգ է։
20Ի՞նչու ես մեզ յաւիտեան մոռանում, մեզ ձգում ես երկար օրերով։
21Մեզ դարձրու, ով Տէր, դէպի քեզ, եւ մենք կ’դառնանք. Նորոգիր մեր օրերը առաջուայ պէս։
22Այլ դու մեզ բոլորովին մերժեցիր, մեզ վերայ շատ բարկացար։