1Ինձ ստութիւնով պաշարել է Եփրեմը, եւ նենգութիւնով՝ Իսրայէլի տունը. Բայց Յուդան տակաւին տիրում է Աստուծով, եւ հաւատարիմ է սուրբերի հետ։
2Եփրեմը քամի է արածում, եւ արեւելեան քամիի ետեւից գնում. Ամեն օր ստութիւնն ու աւերումը շատացնում է, եւ դաշինք են դնում Ասորեստանի հետ, եւ իւղ են տանում Եգիպտոս։
3Եւ Յուդայի հետ էլ վէճ ունի Տէրը, եւ պիտի այցելէ Յակոբին նորա ճանապարհներին համեմատ, նորա գործերին համեմատ պիտի հատուցանէ նորան։
4Արգանդումը բռնեց եղբօր գարշապարիցը, եւ իր ոյժովը գօտեմարտեց Աստուծոյ հետ։
5Եւ գօտեմարտեց հրեշտակի հետ եւ յաղթեց, լաց եղաւ եւ աղաչանք արաւ նորան. Բեթէլումը գտաւ նորան, եւ այնտեղ խօսեց մեզ հետ,
6Այսինքն Տէրը՝ Զօրաց Աստուածը, որի յիշատակը Եհովայ է։
7Եւ դու քո Աստուծուն դարձիր, ողորմութիւն եւ իրաւունք պահիր, եւ քո Աստուծուն յուսա միշտ։
8Եփրեմը վաճառական է. նորա ձեռքին խաբէութեան կշիռք կայ, նա սիրում է հարստահարել։
9Բայց Եփրեմն ասում է. Իրաւ հարստացայ, ինձ համար ստացուածք գտայ. Իմ բոլոր վաստակներումը մի անօրէնութիւն չեն գտնիլ որ մեղք լինի։
10Բայց ես քո Տէր Աստուածն եմ Եգիպտոսի երկրիցը, դեռ քեզ վրանների մէջ եմ բնակեցնելու հանդիսաւոր օրերի պէս։
11Որովհետեւ ես խօսեցի մարգարէների հետ, եւ շատացրի տեսիլքները. Եւ մարգարէների ձեռով առակախօսութիւն արի։
12Անշուշտ անօրէն է Գաղաադը, իրաւ ունայն են դառել. Գաղգաղայումն արջառներ մորթեցին, նորանց սեղաններն էլ քարակոյտների նման են արտի ակօսների վերայ։
13Եւ Յակոբը փախաւ Ասորիների դաշտը, եւ Իսրայէլը ծառայեց կնոջ համար, եւ կնոջ համար հօտերի պահապան եղաւ։
14Եւ մի մարգարէով Տէրը վեր հանեց Իսրայէլին Եգիպտոսից, եւ մի մարգարէով նա պահպանուեցաւ։
15Եփրեմը դառնապէս բարկացրեց Աստուծուն, եւ նորա արիւնը նորա վերայ պիտի թափէ, եւ նորա նախատինքը նորան ետ պիտի դարձնէ նորա Տէրը։