1Ետ դարձիր, ով Իսրայէլ, քո Տէր Աստուծուն մօտ. որովհետեւ դու գլորուել ես անօրէնութեան պատճառով։
2Ձեզ հետ խօսքեր վեր առէք եւ ետ դարձեք Տիրոջ մօտ. Ասեցէք նորան. Ամեն անօրէնութիւն վեր առ, եւ ընդունիր բարութեամբ, եւ մենք պիտի մատուցանենք մեր շրթունքների զուարակները։
3Ասորեստանցին մեզ չի փրկիլ. ձիերի վերայ չենք հեծնիլ, եւ մեր ձեռաց գործերին չենք ասել միւսանգամ. Ով մեր Աստուած. որովհետեւ որբը քեզանից կ’գտնէ ողորմութիւն։
4Նորանց խոտորմունքը պիտի բժշկեմ, նորանց պիտի ձրի սիրեմ, որովհետեւ իմ բարկութիւնը ետ է դառել նորանցից.
5Ես ցօղի պէս պիտի լինեմ Իսրայէլի համար. Նա շուշանի պէս պիտի ծաղկէ, եւ արմատներ պիտի գցէ Լիբանանի պէս։
6Նորա ոստերը պիտի տարածուին, եւ նորա վայելչութիւնը ձիթենիի պէս, եւ նորա բուրմունքը Լիբանանի պէս պիտի լինի։
7Ետ պիտի դառնան նորա հովանում նստողները. Պիտի կենդանանան ցորենով, եւ ծաղկեն որթի պէս, նորա յիշատակը Լիբանանի գինիին պէս պիտի լինի։
8Եփրեմը պիտի ասէ. Ես էլ ի՞նչ ունիմ կուռքերի հետ։ Ես լսեցի նորա խնդրուածքը, եւ նորան խնամեցի, ես կանաչ մայրի ծառի պէս եմ. ինձանից է քո պտուղը գտնուելու։
9Ո՞վ է իմաստուն, որ հասկանայ այս, կամ հասկացող, որ գիտենայ սորանց. Որովհետեւ ուղիղ են Տիրոջ ճանապարհները եւ արդարները գնում են նորանցով. Իսկ յանցաւորները կ’գլորուին նորանցում։