1Ես Իսրայէլին բժշկելիս յայտնուեցաւ Եփրեմի անօրէնութիւնը եւ Սամարիայի չարութիւնները, որովհետեւ նորանք ստութիւն են գործում, գողը ներս է մտնում, աւազակների գունդը դրսումը մերկացնում է։
2Եւ իրանց սրտումը չեն ասում թէ Ես յիշում եմ նորանց բոլոր չարութիւնը, հիմա նորանց գործերը պաշարում են նորանց. Նորանք իմ երեսի առաջին են։
3Իրանց չարութիւնովը ուրախացնում են թագաւորին, եւ իրանց ստութիւններովը՝ իշխաններին։
4Նորանք ամենքը շնացողներ են, մի թոնիրի նման որ վառուած է հաց թխողիցը, որ դադարում է արծարծելուց՝ խմոր հունցելուց մինչեւ նորա թթուելը։
5Մեր թագաւորի օրումը հիւանդացան իշխանները գինիի տաքութիւնիցը, նա մեկնեց իր ձեռքը ծաղր անողների հետ։
6Որովհետեւ նորանք իրանց սիրտը թոնիրի պէս են շինել իրանց դարանումը, բոլոր գիշերը գնում է նորանց հացթուխը, առաւօտը նա վառվում է բոցավառ կրակի պէս։
7Նորանք ամենքը տաքացել են թոնիրի պէս. Եւ ուտում են իրանց դատաւորներին. նորանց բոլոր թագաւորներն ընկել են. նորանցում ինձ կանչող չ’կայ։
8Եփրեմը խառնուել է ժողովուրդներին, Եփրեմը դառել է մի չ’դարձուած կարկանդակ։
9Օտարները կերան նորա զօրութիւնը, բայց ինքը չ’գիտէ. Ալեւորութիւն էլ է թափուել վերան, դարձեալ ինքը չ’գիտէ։
10Եւ Իսրայէլի զօրութիւնը խոնարհուել է նորա հանդէպ, բայց նորանք ետ չեն դառնում իրանց Տէր Աստուծոյ մօտ, եւ այսու ամենայնիւ նորան չեն որոնում։
11Եւ Եփրեմը եղել է մի միամիտ աղաւնիի պէս՝ անխելք. Եգիպտացիներին են կանչել, Ասորեստան են գնում։
12Հէնց որ նորանք գնացին, ես իմ վարմը պիտի տարածեմ նորանց վերայ, նորանց պիտի իջեցնեմ երկնքի թռչունի պէս, եւ նորանց պիտի պատժեմ ինչպէս որ լուր է տրուել նորանց ժողովքին։
13Վա՜յ նորանց, որ փախան ինձանից, աւերո՜ւմ նորանց, որ ինձ դէմ յանցաւոր եղան. Թէեւ ես նորանց փրկեցի. Բայց նորանք ինձ դէմ ստութիւններ են խօսում։
14Եւ նորանք չ’աղաղակեցին ինձ դէմ իրանց սրտովը, երբոր ողբում էին իրանց անկողինների վերայ, նորանք ցորենի եւ գինիի համար խռնվում են, խոտորում են ինձ դէմ։
15Եւ ես խրատեցի, զօրացրի նորանց բազուկը, իսկ նորանք ինձ դէմ չարութիւն խորհեցին։
16Նորանք դառնում են, բայց ոչ թէ դէպի Բարձրեալը, նորանք խաբեբայ աղեղի պէս են դառել, նորանց իշխանները սրով պիտի ընկնեն իրանց լեզուի կատաղութիւնից. Նա նորանց նախատինքը կ’լինի Եգիպտոսի երկրումը։