1Դաւիթի Սաղմոս։ Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, եւ բոլոր իմ ներսը՝ նորա սուրբ անունը։
2Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, եւ մի մոռանար նորա բոլոր բարիքները.
3Որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո ամեն ցաւերը։
4Որ փրկում է քո կեանքն ապականութիւնից, որ պսակում է քեզ շնորհքով եւ ողորմութիւնով։
5Որ կշտացնում է քո սիրտը բարութիւնով. Եւ քո մանկութիւնը նորոգվում է արծուի պէս։
6Արդարութիւն է անում Տէրը, եւ իրաւունք բոլոր զրկեալներին։
7Նա իմաց արաւ իր ճանապարհները Մովսէսին, Իսրայէլի որդկանցն՝ իր գործերը։
8Բարեգութ եւ ողորմած է Տէրը. Երկայնամիտ եւ բազմագութ։
9Նա իսպառ չի բարկանալ, եւ ոխ չի պահիլ յաւիտեան։
10Նա չէ անում մեզ մեր մեղքերի համեմատ. Եւ չէ հատուցանում մեզ մեր անօրէնութիւնների համեմատ։
11Այլ որքան որ բարձր է երկինքը երկրիս վերայ, այնքան զօրաւոր է նորա գութը իրանից վախեցողների վերայ։
12Որքան որ արեւելքը հեռու է արեւմուտքիցը, այնքան նա հեռացրեց մեզանից մեր յանցանքները։
13Ինչպէս որ հայրը կ’գթայ որդիներին, այնպէս գթած է Տէրը իրանից վախեցողներին։
14Որովհետեւ նա գիտէ մեր կազմուածքը. յիշում է որ հող ենք մենք։
15Մարդիս օրերը խոտի նման են. ինչպէս դաշտի ծաղիկը՝ այնպէս ծաղկում է։
16Երբոր քամին անցնում է նորա վերայ, նա էլ չ’կայ. եւ նորա տեղը այլ եւս չէ ճանաչում նորան։
17Բայց Տիրոջ ողորմութիւնը յաւիտենից մինչեւ յաւիտեանս իրանից վախեցողների վերայ է, եւ նորա արդարութիւնը՝ որդկանց որդիների վերայ,
18Նորա ուխտը պահողների վերայ, եւ նորանց վերայ որ յիշում են նորա պատուիրանքները նորանց կատարելու համար։
19Տէրը երկնքումը հաստատեց իր աթոռը, եւ նորա թագաւորութիւնը տիրում է բոլորին։
20Օրհնեցէք Տիրոջը, ով նորա հրեշտակներ՝ հզօր զօրութեամբ, որ կատարում էք նորա խօսքը. Նորա խօսքի ձայնը լսելով։
21Օրհնեցէք Տիրոջը, ով նորա բոլոր զօրքեր՝ նորա պաշտօնեաներ, որ կատարում էք նորա կամքը։
22Օրհնեցէք Տիրոջը, ով նորա բոլոր արարածներ, նորա տէրութեան ամեն տեղերումը. օրհնիր Տիրոջը, ով իմ անձը։