ՍԱՂՄՈՍ 104:1-35 ABA1910 - Bible AI

1Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը. Ով Տէր՝ իմ Աստուած, դու շատ մեծ ես. գեղեցկութիւն եւ փառք հագած ես։

2Լոյս ես հագնում ինչպէս հանդերձ. երկինքը տարածում ես ինչպէս վարագոյր։

3Նա իր վերնատուները ջրերի վերայ է շինում, ամպերը շինում է իրան կառք. քամիի թեւերի վերայ է գնում։

4Իր հրեշտակները քամիներ է շինում, իր պաշտօնեաները այրող կրակ։

5Նա հաստատեց երկիրն իր հիմունքի վերայ, որ տեղիցը չ’շարժուի բնաւ եւ յաւիտեան։

6Անդունդովը ծածկեցիր նորան ինչպէս հանդերձով. Ջուրերը կանգնում են սարերի վերայ։

7Քո սաստելուցը փախչում են նորանք, քո որոտմունքի ձայնիցը սարսափելով ետ են գնում։

8Սարերը բարձրանում են, ձորերը իջնում՝ այնտեղ ուր որ հաստատեցիր նորանց համար։

9Դու սահման դրիր, նորանով չեն անց կենալ. յետ չեն դառնալ, որ երկիրը ծածկեն։

10Դու աղբիւրներ ես բղխեցնում ձորերումը. Սարերի միջովը գնում են նորանք։

11Նորանք խմեցնում են բոլոր վայրի գազաններին, եւ վայրի էշերը կոտրում են իրանց ծարաւը։

12Նորանց վերայ երկնքի թռչուններն են բնակվում. Ճիւղերի միջիցը ձայն են տալիս։

13Նա խմեցնում է սարերին իր վերնատներիցը. քո գործերի պտուղներովը կշտացնում ես երկիրը։

14Խոտ է բուսցնում անասունների համար. Եւ բանջար մարդի օգտի համար. որ հաց հանես երկրիցը։

15Եւ գինի, որ ուրախացնում է մարդի սիրտը, նորա երեսը փայլեցնում է իւղից. Եւ հաց, որ հաստատում է մարդի սիրտը։

16Կշտանում են Տիրոջ ծառերը՝ Լիբանանի մայրերը, որ նա տնկեց։

17Որ այնտեղ թռչունները բոյն են դնում, եւ արագիլը եղեւինների վերայ շինում է իր տունը։

18Բարձր սարերը վայրի այծերի համար ապաւէն են, եւ վէմերը՝ ճագարների։

19Նա շինեց լուսինը ժամանակների համար, արեգակը ճանաչում է իր մուտքը։

20Խաւար ես դնում՝ եւ գիշեր է լինում. Նորանում ման են գալիս անտառի ամեն գազանները։

21Առիւծների կորիւնները մռնչում են յափշտակելու, եւ Աստուածանից խնդրում են իրանց կերակուրը։

22Երբոր արեգակը դուրս է գալիս՝ ետ են քաշվում, եւ իրանց որջերումը պառկում։

23Մարդը դուրս է գնում իր գործին եւ իր ծառայութեանը՝ մինչեւ իրիկուն։

24Ո՜րքան մեծ են քո գործերը, ով Տէր. Նորանց բոլորն իմաստութիւնով ես արել. Երկիրը լիքն է քո ստեղծուածներովը։

25Այս մեծ եւ լայն ծովն է. Այնտեղ սողացողները անթիւ են. Փոքր կենդանիներ մեծերի հետ։

26Այնտեղ նաւերը ման են գալիս. Այն լեւիաթանը դու ստեղծեցիր, որ խաղայ նորանում։

27Սորանք ամենքը քեզ են սպասում, որ նորանց կերակուր տաս իրանց ժամանակին։

28Դու տալիս ես նորանց, եւ նորանք հաւաքում են. Դու բաց ես անում քո ձեռքը եւ կշտանում են բարիքով։

29Երբոր ծածկում ես քո երեսը՝ սարսափում են. երբոր վեր ես առնում նորանց հոգին՝ մեռնում են, եւ իրանց հողին են դառնում։

30Հոգիդ ուղարկում ես՝ ստեղծվում են. Եւ դու նորոգում ես երկրի երեսը։

31Տիրոջ փառքը յաւիտեան լինի. Տէրն ուրախ լինի իր գործերովը։

32Նա նայում է երկրի վերայ, եւ սա դողում է. Նա դպչում է սարերին, եւ նորանք ծխում են։

33Ես կ’օրհնեմ Տիրոջն իմ կեանքումը. Սաղմոս կ’ասեմ իմ Աստուծուն քանի որ կամ։

34Քաղցր պիտի լինի իմ մտածութիւնը նորա վերայ. Ես ուրախ կ’լինիմ Տէրով։

35Մեղաւորները կ’պակասեն երկրիցը, եւ ամբարիշտներն էլ չեն լինիլ. օրհնիր Տիրոջը, ով իմ անձը։ Ալէլուիա։

e>