ՍԱՂՄՈՍ 106:1-48 ABA1910 - Bible AI

1Ալէլուիա։ Գոհացէք Տէրիցը որ բարի է. Որ նորա ողորմութիւնը յաւիտեան է։

2Ո՞վ կ’պատմէ Տիրոջ զօրութիւնը. Ո՞վ կ’իմացնէ նորա բոլոր գովասանքը։

3Երանի իրաւունք պահողներին եւ ամեն ժամանակ արդարութիւն անողներին։

4Յիշիր ինձ, Տէր, քո ժողովրդի վերայ ունեցած հաճութեանդ պէս, այցելութիւն արա ինձ քո փրկութիւնովը։

5Որ տեսնեմ քո ընտրեալների յաջողութիւնը. Ուրախանամ քո ազգի ուրախութիւնովը. Պարծենամ քո ժառանգութիւնովը։

6Մենք մեղանչեցինք մեր հայրերի հետ. Անօրէնութիւն արինք եւ ամբարշտութիւն գործեցինք։

7մեր հայրերը Եգիպտոսումը չ’հասկացան քո հրաշքները. Չ’յիշեցին քո մեծ ողորմութիւնը եւ հակառակ կացան ծովի մօտ՝ Կարմիր ծովի մօտ։

8Բայց նա փրկեց նորանց իր անունի համար, որ հասկացնէ իր զօրութիւնը։

9Եւ կարմիր ծովին սաստեց՝ եւ նա ցամաքեց, եւ նորանց գնալ տուաւ անդունդի միջովն ինչպէս անապատում։

10Եւ նորանց փրկեց ատողի ձեռքիցը. Եւ նորանց ազատեց թշնամիի ձեռքիցը։

11Եւ ջուրերը ծածկեցին նորան նեղացնողներին, որ նորանցից մէկն էլ չ’մնաց։

12Եւ հաւատացին նորա խօսքերին, օրհնեցին նորա օրհնութիւնը։

13Բայց շուտով մոռացան նորա գործերը, եւ չ’սպասեցին նորա խորհուրդներին։

14Եւ ցանկացան ցանկութիւնով անապատումը, եւ փորձեցին Աստուծուն անջուր տեղումը։

15Եւ նա նորանց տուաւ իրանց ուզածը. Եւ վատուժութիւն ուղարկեց նորանց անձերին։

16Եւ նորանք նախանձեցին Մովսէսի դէմ բանակումը, եւ Տիրոջ սուրբ՝ Ահարօնի դէմ։

17Երկիրը բացուեցաւ եւ կուլ տուաւ Դաթանին. Եւ ծածկեց Աբիրոնի ժողովքին։

18Կրակ բորբոքուեցաւ նորանց ժողովքումը. Բոց մաշեց ամբարիշտներին։

19Հորթ շինեցին Քորեբումը եւ երկրպագութիւն տուին ձուլածոյ պատկերին։

20Եւ իրանց փառքը փոխեցին խոտաճարակ հորթի նմանութեան։

21Մոռացան իրանց փրկիչ Աստուծուն, որ մեծամեծ գործեր արաւ Եգիպտոսումը,

22Հրաշքներ Քամի երկրումը, ահաւոր բաներ կարմիր ծովի վերայ։

23Եւ ասեց որ սատկեցնէ նորանց, եթէ նորա ընտրեալ Մովսէսը կանգնած չ’լինէր մէջտեղը նորա առաջին որ ետ դարձնէ նորա բարկութիւնը սատակեցնելուց։

24Եւ նորանք անարգեցին այն ցանկալի երկիրը. չ’հաւատացին նորա խօսքին։

25Տրտնջեցին իրանց վրաններումը, Տիրոջ ձայնին չ’լսեցին։

26Եւ նա բարձրացրեց իր ձեռքը նորանց վերայ, որ նորանց վայր գցէ անապատումը.

27Եւ նորանց զաւակը հեթանոսների մէջ գցէ, եւ նորանց ցրուէ երկիրների մէջ։

28Բայց նորանք Բել-Փեգովրին կպան, եւ մեռելների զոհերը կերան։

29Եւ բարկացրին Աստուծուն իրանց գործերովը, եւ ժանտամահը հասաւ նորանց վերայ։

30Ապա Փենեհէսը վեր կացաւ եւ դատաստան արաւ, եւ մահն արգիլուեցաւ։

31Եւ սա համարուեցաւ նորան արդարութիւն ազգից մինչեւ ազգ յաւիտեան։

32Եւ բարկացրին նորան Մերիբայի ջրերի վերայ, եւ Մովսէսին չար եղաւ նորանց պատճառովը։

33Որովհետեւ դառնացրին նորա հոգին, եւ նա մեղանչեց իր շրթունքներովը։

34Նորանք չ’կորցրին այն ազգերին, որ Տէրն ասեց նորանց.

35Այլ խառնուեցան հեթանոսների հետ եւ սովորեցին նորանց գործերը։

36Եւ ծառայեցին նորանց կուռքերին. նորանք էլ որոգայթ եղան նորանց համար։

37Եւ նորանք մատաղ արին իրանց որդիքը եւ իրանց աղջիկները դեւերին։

38Եւ անմեղ արիւն թափեցին՝ իրանց որդկանց եւ իրանց աղջկանց արիւնը, որ նորանց մատաղ արին Քանանի կուռքերին. Եւ երկիրը պղծուեցաւ արիւնով։

39Եւ նորանք պղծուեցան իրանց գործերովը, եւ պոռնկութիւն արին իրանց արարմունքներովը։

40Եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց իր ժողովրդի վերայ, եւ նա զզուեց իր ժառանգութիւնիցը։

41Եւ նորանց մատնեց հեթանոսների ձեռքը. Եւ նորանց ատողները տիրապետեցին նորանց վերայ։

42Եւ նորանց թշնամիները նեղացրին նորանց, եւ նորանք խոնարհուեցան նորանց ձեռքի տակ։

43Նա շատ անգամ փրկեց նորանց, բայց նորանք դառնացրին նորան իրանց խորհուրդներովը, եւ փչացան իրանց անօրէնութիւնների պատճառով։

44Եւ նա նայեց նորանց նեղութեանը, երբոր նորանց աղաղակը լսեց։

45Եւ իր ուխտը յիշեց նորանց համար, եւ զղջաց իր մեծ ողորմութեան պէս։

46Եւ նորանց ողորմութիւն գտնել տուաւ այն ամենի առաջին, որ գերի արին նորանց։

47Փրկիր մեզ, ով Տէր՝ մեր Աստուածը, եւ ժողովիր մեզ հեթանոսների միջից, որ գոհանանք քո սուրբ անունիցը եւ օրհնութիւնովդ պարծենանք։

48Օրհնեալ է Եհովան՝ Իսրայէլի Աստուածը յաւիտենից մինչեւ յաւիտեանս. Եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։ Ալէլուիա։

e>