1Երգ. Դաւիթի Սաղմոս։ Իմ սիրտը պատրաստ է, ով Աստուած, ես կ’երգեմ եւ սաղմոս կ’ասեմ՝ նաեւ իմ փառքովը։
2Զարթնիր սաղմոսարան եւ քնար. Եւ ես զարթնեմ առաւօտանց։
3Գոհանամ քեզանից, Տէր, ժողովուրդների մէջ. Եւ սաղմոս ասեմ քեզ ազգերի մէջ։
4Որովհետեւ մեծ է քո ողորմութիւնը երկնքի վերայ, եւ քո ճշմարտութիւնը՝ մինչեւ ամպերը։
5Բարձրացիր, ով Աստուած, երկնքի վերայ, եւ քո փառքը բոլոր երկրի վերայ։
6Որ քո սիրելիքն ազատուին. Թող քո աջը փրկէ, եւ պատասխան տուր ինձ։
7Աստուած խօսեց իր սրբարանումը. Ես կ’ցնծամ. Սիւքէմը կ’բաժանեմ եւ Սոկքովթ հովիտը կ’չափեմ։
8Իմն է Գաղաադը եւ իմն է Մանասէն. Եփրեմն իմ գլխի զօրութիւնը, Յուդան իմ գաւազանն է.
9Մովաբն իմ լուանալու ամանն է. Իմ կօշիկը Եդովմի վերայ կ’գցեմ. Փղշտացիների երկրի վերայ կ’ցնծամ։
10Ո՞վ կ’տանի ինձ ամուր քաղաքը. Ո՞վ կ’առաջնորդէ ինձ մինչեւ Եդովմը։
11Ո՞չ ապաքէն դու, ով Աստուած, որ դէն գցեցիր մեզ, եւ չես դուրս գալիս մեր զօրքի հետ, ով Աստուած։
12Տուր մեզ օգնութիւն նեղութեան մէջ. Որովհետեւ մարդի փրկութիւնը փուչ է։
13Մենք Աստուծով զօրութիւն կ’գործենք. Եւ նա կոխ կ’տայ մեր թշնամիներին։