1Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս։ Ով իմ փառքի Աստուած, լուռ մի կենար։
2Որովհետեւ ամբարշտի բերանը եւ նենգաւորի բերանը բացուեցան ինձ վերայ. Սուտ լեզուով խօսում են ինձ դէմ։
3Եւ ատելութեան խօսքերով պատում են ինձ, եւ զուր տեղը կռվում են ինձ դէմ։
4Իմ սէրի փոխարէն հակառակում են ինձ, բայց ես աղօթք եմ անում։
5Եւ փոխանակ բարիի չար են հատուցանում ինձ, եւ իմ սէրի փոխարէն՝ ատելութիւն։
6Մէկ ամբարիշտ դիր նորա վերայ, եւ սատանան թող կանգնի՝ նորա աջ կողմին։
7Երբոր նա դատուի թող դատապարտուած դուրս գայ, եւ նորա աղօթքը մեղքի փոխուի։
8Նորա օրերը պակասին. Եւ նորա պաշտօնն ուրիշը առնէ։
9Նորա որդիքը որբ լինեն, եւ նորա կինն այրի լինի.
10Եւ նորա որդիքն աստանդական թափառեն եւ մուրան, եւ հաց ուզեն իրանց աւերակ բնակարանների միջից։
11Փոխ տուողն առնէ նորա բոլոր ունեցածը, եւ օտարները յափշտակեն նորա վաստակը։
12Մէկը չ’լինի որ նորան գթութիւն ցոյց տայ. Եւ մէկն էլ չ’ողորմէ նորա որբերի վերայ։
13Նորա զաւակները սատակեն. նորանց անունը ջնջուի երկրորդ սերունդի մէջ։
14Նորա հայրերի անօրէնութիւնը յիշուի Տիրոջ առաջին, եւ նորա մօր մեղքը չ’ջնջուի։
15Ամեն ժամանակ Տիրոջ առաջին լինի եւ նա ջնջէ երկրիցը նորա յիշատակը։
16Նորա համար որ չ’յիշեց ողորմութիւն անելը. Այլ խեղճ եւ աղքատ եւ սրտով մաշուած մարդին հալածեց որ սպանէ։
17Անէծք սիրեց եւ նա կ’հասնէ նորան. Եւ օրհնութիւն չ’կամեցաւ, եւ նա հեռու կ’լինի նորանից։
18Անէծքը հագաւ ինչպէս հանդերձ. Եւ նա ջրի պէս կ’մտնէ նորա փորը, եւ ձէթի պէս նորա ոսկորների մէջ։
19Նորան այնպէս լինի ինչպէս իր հագնելիս հանդերձը՝ եւ ինչպէս իր միշտ կապելիս գօտին։
20Սա վարձք լինի Տիրոջ կողմիցը իմ հակառակորդներին՝ եւ իմ անձի համար չար խօսողներին։
21Բայց դու, Տէր Եհովայ, արա ինձ քո անունի համեմատ, որովհետեւ քո ողորմութիւնը բարի է. Փրկիր ինձ։
22Որովհետեւ ես խեղճ եմ եւ աղքատ, եւ իմ սիրտը խոցուած է իմ ներսումը։
23Ես անց եմ կենում ինչպէս երկարացած շուք, վայր եմ թափվում ինչպէս մարախ։
24Իմ ծունկերը տկարացան ծոմից եւ մարմինս մաշուեցաւ իր պարարտութիւնիցը։
25Ես նախատինք եղայ նորանց առաջին, ինձ տեսնում եւ շարժում են իրանց գլուխները։
26Օգնիր ինձ, Տէր՝ իմ Աստուած. Փրկիր ինձ քո ողորմութեան պէս,
27Որ իմանան որ սա քո ձեռքն է, որ դու Տէրդ արիր այս։
28Նորանք անիծում են, բայց դու օրհնիր. Նորանք վեր են կենում ինձ դէմ ու կ’ամաչեն, բայց քո ծառան ուրախ կ’լինի։
29Թող ամօթ հագնեն իմ հակառակողները եւ իրանց ամօթը վերարկուի պէս իրանց վերայ առնեն։
30Ես շատ գոհանամ Տէրիցն իմ բերանովը. Եւ շատերի մէջ օրհնեմ նորան։
31Որովհետեւ նա կանգնում է աղքատի աջ կողմին, որ նորան փրկէ նորանցից որ դատապարտում են նորա անձը։