1Ալէլուիա։ Երանելի է այն մարդը որ Տէրիցը վախենում է, եւ նորա պատուիրանքներին շատ հաւանում է։
2Նորա զաւակը զօրաւոր կ’լինի երկրի վերայ. ուղիղների ցեղը կ’օրհնուի։
3Ապրանք եւ հարստութիւն կ’լինի նորա տանը. Եւ նորա արդարութիւնը կ’մնայ յաւիտեան։
4Խաւարի մէջ լոյս է ծագում ուղիղների համար. Ողորմած, գթած եւ արդար է։
5Երանի այն մարդին որ ողորմած է եւ փոխ է տալիս, եւ իր բանը շինում է իրաւունքով.
6Որովհետեւ նա տեղիցը յաւիտեան չի շարժուիլ. յաւիտենական յիշատակի համար կ’լինի արդարը։
7Չար համբաւից չի վախենալ. Նորա սիրտը պատրաստ է, որ Տիրոջը յուսայ։
8Նորա սիրտը հաստատուած է եւ չի վախենալ, մինչեւ որ նայի իր նեղիչների վերայ։
9Նա փռեց եւ աղքատներին տուաւ. նորա արդարութիւնը կ’մնայ յաւիտեան. նորա եղջիւրը կ’բարձրանայ փառքով։
10Ամբարիշտը կ’տեսնէ եւ կ’բարկանայ. իր ատամները կ’կրճտեցնէ եւ կ’հալուի. ամբարիշտների ցանկութիւնը կ’կորչի։