ՍԱՂՄՈՍ 119:1-176 ABA1910 - Bible AI

1ԱԼԷՖ Երանելի են ճանապարհով անմեղները, որ գնում են Տիրոջ օրէնքումը։

2Երանելի են նորա վկայութիւնները պահողները, որ բոլոր սրտով խնդրում են նորան։

3Որովհետեւ նորանք անօրէնութիւն չեն գործում, այլ գնում են նորա ճանապարհներովը։

4Դու պատուիրեցիր պինդ պահել քո պատուիրանքները։

5Երանի թէ իմ ճանապարհները յաջողուէին, որ պահեմ քո պատուիրանքները։

6Ապա չեմ ամաչիլ, երբոր քո բոլոր հրամաններին մտիկ կ’տամ։

7Ես կ’գոհանամ քեզանից սրտի ուղղութիւնով. Երբոր քո արդարութեան իրաւունքները կ’սովորեմ։

8Քո հրամանները կ’պահեմ. Մի թողիր ինձ իսպառ։ ԲԷԹ

9Երիտասարդն ի՞նչով իստակ կ’անէ իր ճանապարհը. Քո խօսքի պէս զգուշանալով։

10Իմ բոլոր սրտովը խնդրեցի քեզ, թող մի տար քո պատուիրանքներիցը մոլորուիմ։

11Իմ սրտումը թագցրի քո խօսքերը, որ չ’մեղանչեմ քեզ դէմ։

12Օրհնեալ ես դու, Տէր, սովորեցրու ինձ քո հրամանները։

13Իմ շրթունքներովը պատմում եմ քո բերանի բոլոր իրաւունքները։

14Քո վկայութիւնների ճանապարհովը ուրախանում եմ, ինչպէս ամեն կերպ հարստութիւնով։

15Քո պատուիրանքների վերայ կ’մտածեմ. Եւ քո ճանապարհին մտիկ կ’տամ։

16Քո հրամաններովը կ’ուրախանամ. Եւ քո խօսքը չեմ մոռանալ։ ԳԻՄԷԼ

17Բարի արա քո ծառային, որ ապրիմ եւ քո խօսքը պահեմ։

18Բաց արա իմ աչքերը, որ քո օրէնքի հրաշքները տեսնեմ։

19Ես պանդուխտ եմ երկրիս վերայ. Մի թագցնիր ինձանից քո պատուիրանքները։

20Իմ անձը մաշուած է ամեն ժամանակ՝ ցանկանալով քո իրաւունքներին։

21Դու սաստեցիր անիծուած ամբարտաւաններին, որ քո պատուիրանքներիցը մոլորուեցան։

22Նախատինքը եւ անարգանքը վեր առ ինձանից, որ քո վկայութիւնները պահում եմ։

23Իշխաններ էլ նստում են ինձ դէմ խօսում, քո ծառան քո հրամանների վերայ է մտածում։

24Իրաւի որ քո վկայութիւններն իմ ուրախութիւնն են եւ իմ խորհրդականները։ ԴԱԼԷԹ

25Իմ անձը կպաւ հողի հետ. ապրեցրու ինձ քո խօսքի պէս։

26Ես իմ ճանապարհները պատմում եմ եւ դու լսում ես ինձ. սովորեցրու ինձ քո հրամանները։

27Պատուիրանքներիդ ճանապարհը ինձ իմացրու, եւ ես կ’մտածեմ քո սքանչելիքների վերայ։

28Իմ անձը հալուեցաւ տրտմութիւնից. Հաստատիր ինձ քո խօսքին պէս։

29Ստութեան ճանապարհը հեռացրու ինձանից, եւ քո օրէնքը շնորհիր ինձ։

30Ես ճշմարտութեան ճանապարհը ընտրեցի. Քո իրաւունքներն իմ առաջին դրի։

31Քո վկայութիւններին մօտեցայ. Տէր, ամօթ մի անիր ինձ։

32Քո պատուիրանքների ճանապարհովը կ’վազեմ. Որ դու իմ սիրտը լայնացրիր։ ՀԷ

33Տէր, ցոյց տուր ինձ քո հրամանների ճանապարհը, որ մինչեւ վերջը պահեմ նորան։

34Իմաստուն արա ինձ, որ քո օրէնքը պահեմ եւ նորան կատարեմ բոլոր սրտով։

35Առաջնորդիր ինձ քո պատուիրանքների շաւիղներումը. Որ նորանց հաւանեցիր։

36Խոնարհեցրու իմ սիրտը դէպի քո վկայութիւնները, եւ ոչ թէ դէպի ագահութիւնը։

37Ետ դարձրու իմ աչքերը որ ունայն բան չ’տեսնեն. Բայց ապրեցրու ինձ քո ճանապարհներումը։

38Հաստատիր քո խօսքը քո ծառայի համար, որ քեզանից վախենում է։

39Ետ դարձրու ինձանից իմ նախատինքը, որ նորանից վախեցայ. Որովհետեւ քո իրաւունքները բարի են։

40Ահա ցանկանում եմ քո պատուիրանքներին. Քո արդարութիւնովը ապրեցրու ինձ։ ՎԱՎ

41Տէր, թող քո ողորմութիւնը գայ ինձ վերայ, եւ քո փրկութիւնը քո խօսքին պէս։

42Ապա ես կ’պատասխանեմ ինձ խօսքով նախատողներին. Որովհետեւ քո խօսքին եմ յուսացած։

43Եւ քո ճշմարտութեան խօսքը ամենեւին մի հեռացնիր իմ բերանիցը. Որովհետեւ քո իրաւունքին եմ յուսացած։

44Ապա քո օրէնքը կ’պահեմ ամեն ժամանակ՝ յաւիտեանս յաւիտենից։

45Եւ լայնարձակ կ’գնամ. Որովհետեւ քո պատուիրանքները խնդրեցի։

46Եւ քո վկայութիւնների համար կ’խօսեմ թագաւորների առաջին, եւ չեմ ամաչիլ։

47Եւ քո պատուիրանքներովը կ’ուրախանամ, որ նորանց սիրում եմ։

48Եւ իմ ձեռքը կ’բարձրացնեմ դէպի քո պատուիրանքները որ սիրում եմ. Եւ քո հրամանների վերայ կ’մտածեմ։ ԶԱՅԻՆ

49Յիշիր քո ծառայի վերայ եղած խօսքը, որ ինձ նորան յուսալ տուիր։

50Իմ նեղութիւնումն այն է իմ մխիթարութիւնը՝ որ քո խօսքն ապրեցնում է ինձ։

51Ամբարտաւաններն ինձ վերայ շատ ծաղր են անում. Բայց ես քո օրէնքիցը չեմ ծռվում։

52Տէր, յիշում եմ քո իրաւունքները յաւիտենից, եւ մխիթարվում եմ։

53Բարկութիւն բռնեց ինձ ամբարիշտների մասին, որ քո օրէնքը թողում են։

54Քո հրամաններն ինձ համար երգ են՝ իմ պանդխտութեան տան մէջ։

55Տէր, գիշերը յիշում եմ քո անունը, եւ պահում եմ քո օրէնքը։

56Այս եղաւ ինձ, որ քո հրամանները պահեմ։ ԽԷԹ

57Իմ բաժինը դու ես, Տէր. Ես ասեցի՝ թէ քո խօսքերը պահեմ։

58Աղաչում եմ քո առաջին բոլոր սրտով, ողորմիր ինձ քո խօսքի պէս։

59Ես մտածում եմ քո ճանապարհների վերայ. Եւ իմ ոտները դարձնում եմ քո վկայութիւններին։

60Շտապում եմ եւ չեմ ուշանում, որ քո պատուիրանքները պահեմ։

61Ամբարիշտների չուանները պատեցին ինձ. Ես քո օրէնքը չեմ մոռանում։

62Կէս գիշերին վեր եմ կենում, որ քեզանից գոհանամ քո արդար իրաւունքների համար։

63Ես ընկեր եմ այն ամենի որ վախենում եմ քեզանից՝ եւ քո պատուիրանքները պահում են։

64Տէր, երկիրը լիքն է քո ողորմութիւնովը. քո հրամանները սովորեցրու ինձ։ ԹԷԹ

65Բարի արիր, Տէր, քո ծառային, քո խօսքի պէս։

66Բարի իմաստութիւն եւ գիտութիւն սովորեցրու ինձ, որովհետեւ հաւատում եմ քո պատուիրանքներին։

67Դեռ որ խոնարհուած չէի, սխալվում էի, բայց հիմա քո խօսքը պահում եմ։

68Բարի ես դու, եւ բարի անող. սովորեցրու ինձ քո հրամանները։

69Ամբարտաւանները սուտ են հնարում ինձ վերայ. Ես բոլոր սրտով կ’պահեմ քո պատուիրանքները։

70Նորանց սիրտը պարարտ է ինչպէս ճարպ. ես ուրախանաում եմ քո օրէնքովը։

71Լաւ է ինձ համար որ խոնարհուեցայ, որ քո հրամանները սովորիմ։

72Բարի է ինձ համար քո բերանի օրէնքը, աւելի քան թէ հազարաւոր ոսկի ու արծաթ։ ԵՕԹ

73Քո ձեռքերը շինեցին ինձ եւ հաստատեցին ինձ. իմաստուն արա ինձ որ քո պատուիրանքները սովորիմ։

74Քեզանից վախեցողները կ’տեսնեն ինձ եւ ուրախ կ’լինին, որովհետեւ քո խօսքերին յուսացայ։

75Գիտեմ, Տէր, որ քո դատաստանները արդարութիւնով են. Եւ իրաւունքով խոնարհեցրիր ինձ։

76Թող քո ողորմութիւնը լինի ինձ մխիթարելու համար, քո ծառային տուած խօսքիդ պէս։

77Թող քո բարեգթութիւնն ինձ վերայ գայ որ ապրիմ, որովհետեւ քո օրէնքն է իմ ուրախութիւնը։

78Ամբարտաւանները թող ամօթ լինին, որովհետեւ զուր անիրաւութիւն գործեցին ինձ վերայ. Բայց ես քո պատուիրանքների վերայ եմ մտածում։

79Թող ինձ մօտ դառնան քեզանից վախեցողները եւ քո վկայութիւնները ճանաչողները։

80Թող իմ սիրտն անմեղ լինի քո հրամանների մէջ, որպէս զի չ’ամաչեմ։ ՔԱՖ

81Իմ անձը մաշուեցաւ քո փրկութեանը սպասելով. Բայց ես քո խօսքին յուսացայ։

82Իմ աչքերը մաշուեցան քո խօսքին ցանկանալով. Ես ասում եմ՝ Ե՞րբ կ’մխիթարես ինձ։

83Որովհետեւ ես ծխի մէջ կախուած տկի պէս եղայ. Բայց քո հրամանները չեմ մոռանում։

84Քանի՞ են քո ծառայի օրերը. ե՞րբ դատաստան կ’անես իմ հալածողներին։

85Ամբարտաւանները հորեր փորեցին ինձ համար, որ քո օրէնքի պէս չեն։

86Քո բոլոր պատուիրանքները ճշմարիտ են. զուր են հալածում ինձ. Օգնիր ինձ։

87Քիչ էր մնացել որ ինձ կորցնէին երկրի մէջ. Ես քո պատուիրանքները չեմ թողում։

88Քո ողորմութեան պէս ապրեցրու ինձ. Եւ ես քո բերանի վկայութիւնները կ’պահեմ։ ԼԱՄԷԴ

89Ով Տէր, քո խօսքը յաւիտեան հաստատ է երկնքումը։

90Քո ճշմարտութիւնը մնում է ազգից մինչեւ ազգ. Դու երկիրը հաստատեցիր եւ նա կենում է։

91Քո հրամանների պէս կենում են այսօր, որովհետեւ ամենքը քո ծառաներն են։

92Եթէ քո օրէնքն իմ ուրախութիւնը չ’լինէր, ես վաղուց կորած կ’լինէի իմ խեղճութիւնումը.

93Յաւիտեան չեմ մոռանալ քո պատուիրանքները, որովհետեւ նորանցով ապրեցրիր ինձ։

94Քոնն եմ ես. Փրկիր ինձ. Որովհետեւ քո պատուիրանքները խնդրում եմ։

95Ամբարիշտներն սպասում են ինձ որ կորցնեն ինձ. Եւ ես քո վկայութիւնները միտքս եմ բերում։

96Ամեն կատարեալ բանի վերջը տեսայ. Քո պատուիրանքը շատ լայնարձակ է։ ՄԷՄ

97Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը. ամեն օր նա է իմ մտածմունքը։

98Քո պատուիրանքներն ինձ իմաստուն են անում իմ թշնամիներիցը. Որովհետեւ նորանք յաւիտեան իմս են։

99Աւելի իմաստուն եղայ քան թէ իմ ամեն վարժապետները. Որովհետեւ քո վկայութիւններն են իմ մտածմունքը։

100Աւելի խելացի եղայ քան թէ ծերերը, որովհետեւ քո պատուիրանքները պահում եմ։

101Ամեն չար ճանապարհից իմ ոտները ետ եմ քաշում, որ քո խօսքը պահեմ։

102Քո իրաւունքիցը չեմ հեռանում. Որովհետեւ դու սովորեցնում ես ինձ։

103Ո՜րքան քաղցր է քո խօսքն իմ քիմքին. Մեղրիցն էլ աւելի է իմ բերանին։

104Քո պատուիրանքներովն ես իմաստուն եղայ. Սորա համար ատում եմ ստութեան ամեն ճանապարհը։ ՆՈՒՆ

105Քո խօսքը ճրագ է իմ ոտների համար, եւ լոյս իմ ճանապարհի համար։

106Ես երդում արի եւ կ’կատարեմ, թէ քո արդարութեան իրաւունքը կ’պահեմ։

107Ես շատ խոնարհուեցայ. Տէր, ապրեցրու ինձ քո խօսքի պէս։

108Իմ բերանի կամաւոր զոհերն ընդունիր, Տէր. Եւ քո իրաւունքները սովորեցրու ինձ։

109Իմ անձն ամեն ժամանակ ձեռքումս է, եւ քո օրէնքը չեմ մոռանում։

110Ամբարիշտները որոգայթ դրին ինձ համար. Բայց ես քո պատուիրանքներիցը չեմ մոլորվում։

111Ես քո վկայութիւնները ժառանգեցի մինչեւ յաւիտեան. Որովհետեւ նորանք իմ սրտի ցնծութիւնն են։

112Ես խոնարհեցրի իմ սիրտը որ քո հրամաններն անեմ յաւիտեան մինչեւ վերջը։ ՍԱՄԷԽ

113Ես երկմիտներին ատում եմ, բայց քո օրէնքը սիրեցի։

114Հովանիս եւ պահապանս դու ես. ես քո խօսքին յուսացի։

115Հեռու կացէք ինձանից, ով չարեր. Որ ես պահեմ իմ Աստուծոյ պատուիրանքները։

116Պահպանիր ինձ քո խօսքին պէս որ ապրիմ. Եւ ամօթ մի անիր ինձ իմ յոյսի համար։

117Օգնիր ինձ եւ ես կ’ապրեմ. Եւ ամեն ժամանակ հրամաններիդ մտիկ կ’տամ։

118Դու անարգում ես այն ամենին որ հրամաններիցդ հեռանում են. Որովհետեւ նորանց նենգութիւնը սուտ է։

119Դու կղկղանք ես համարում երկրի բոլոր ամբարիշտներին. Սորա համար ես սիրում եմ քո վկայութիւնները։

120Մարմինս դողում է քո ահիցը, եւ քո դատաստաններիցը վախենում եմ։ ԱՅԻՆ

121Ես իրաւունք եւ արդարութիւն եմ անում. Մի մատնիր ինձ իմ նեղացնողների ձեռքը։

122Երաշխաւորիր ծառայիդ որ բարի լինի նորան. Որ ամբարտաւանները չ’նեղացնեն ինձ։

123Աչքերս մաշուեցան քո փրկութեանը, եւ քո արդարութեան խօսքին սպասելով։

124Քո ծառայի հետ արա քո ողորմութեան պէս. Եւ քո հրամանները սովորեցրու ինձ։

125Ես քո ծառան եմ. Իմաստուն արա ինձ, որ քո վկայութիւնները ճանաչեմ։

126Ժամանակ է որ Տէրն անէ այս. Որովհետեւ նորանք քո օրէնքը խափանեցին։

127Սորա համար ես սիրում եմ քո պատուիրանքները ոսկիից եւ ազնիւ ոսկիից աւելի։

128Սորա համար բոլոր պատուիրանքները բոլորովին ուղիղ պահում եմ. ստութեան ամեն ճանապարհն ատում եմ։ ՓԷ

129Քո վկայութիւնները զարմանալի են. Սորա համար իմ անձը պահում է նորանց։

130Խօսքերիդ յայտնութիւնը լոյս է տալիս, եւ իմաստուն է անում պարզամիտներին։

131Իմ բերանը բաց եմ անում եւ շունչ առնում, որովհետեւ քո պատուիրանքներին ցանկանում եմ։

132Նայիր ինձ վերայ եւ ողորմիր ինձ. Ինչպէս որ դու սովոր ես անելու քո անունը սիրողներին։

133Իմ գնացքը հաստատիր քո խօսքի մէջ, եւ անօրէնութիւն չ’տիրէ ինձ վերայ։

134Փրկիր ինձ մարդկանց բռնութիւնիցը, եւ ես կ’պահեմ քո պատուիրանքները։

135Երեսդ լուսաւորիր քո ծառայի վերայ. Եւ սովորեցրու ինձ քո հրամանները։

136Ջրերի առուներ են վայր գալիս իմ աչքերիցը, որովհետեւ քո օրէնքը չեն պահում։ ՑԱԴԷ

137Դու արդար ես, Տէր. Եւ քո դատաստաններն ուղիղ են։

138Քո վկայութիւնների արդարութիւնը պատուիրեցիր, եւ նորանք շատ ճշմարիտ են։

139Նախանձս ինձ մաշեց, որովհետեւ թշնամիքս մոռանում են քո խօսքը։

140Քո խօսքը շատ մաքրուած է, եւ քո ծառան սիրում է նորան։

141Ես ցած եւ անարգուած եմ, բայց չեմ մոռանում քո պատուիրանքները։

142Քո արդարութիւնը յաւիտենական արդարութիւն է. Եւ քո օրէնքը՝ ճշմարիտ։

143Նեղութիւն եւ ցաւ գտաւ ինձ. Քո պատուիրանքներն իմ ուրախութիւնն են։

144Քո վկայութիւնների արդարութիւնը յաւիտեան է. իմաստուն արա ինձ եւ կ’ապրեմ։ ՔՕՖ

145Բոլոր սրտով կանչում եմ. Լսիր ինձ, Տէր, որ հրամաններդ պահեմ։

146Դէպի քեզ եմ կանչում, փրկիր ինձ. Եւ քո վկայութիւնները կ’պահեմ։

147Կանուխ գալիս եմ արշալուսին եւ աղաղակում. ես քո խօսքին յուսացի։

148Գիշերուայ պահերիցն առաջ են զարթնում իմ աչքերը, որ խօսքիդ վերայ մտածեմ։

149Իմ ձայնին լսիր քո ողորմութեան պէս, Տէր, քո իրաւունքի պէս ապրեցրու ինձ։

150Անօրէնութեան հետեւողները մօտեցան. Նորանք քո օրէնքիցը հեռացան։

151Տէր, դու մօտիկ ես. եւ քո բոլոր պատուիրանքները ճշմարտութիւն են։

152Առաջուց իմացայ քո վկայութիւններիցը, որ դու հաստատեցիր նորանց յաւիտեան։ ՐԷՇ

153Տես իմ խեղճութիւնը եւ փրկիր ինձ. Որովհետեւ քո օրէնքը չեմ մոռանում։

154Ինձ իրաւունք արա եւ ազատիր ինձ. Քո խօսքի պէս ապրեցրու ինձ։

155Փրկութիւնը հեռու է ամբարիշտներիցը, որովհետեւ քո հրամանները չեն խնդրում։

156Տէր, քո բարեգթութիւնը շատ է. Քո իրաւունքին պէս ապրեցրու ինձ։

157Շատ են ինձ հալածողներն ու նեղացնողները. Քո օրէնքիցը դուրս չեմ գալիս։

158Ես տեսնում եմ ապստամբուածներին եւ զզվում եմ, նորա համար որ խօսքդ չեն պահում։

159Տես որ քո պատուիրանքները սիրում եմ. Տէր, քո ողորմութեան պէս ապրեցրու ինձ։

160Քո խօսքի սկիզբը ճշմարտութիւն է. Եւ քո արդարութեան բոլոր իրաւունքները հաւիտեան։ ՇԻՆ

161Իշխանները զուր տեղը հալածում են ինձ. Բայց իմ սիրտը վախենում է քո խօսքերիցը։

162Ես ցնծում եմ քո խօսքովը, ինչպէս մէկ շատ աւար գտնող։

163Ստութիւնն ատում եմ եւ գարշելի համարում. Բայց քո օրէնքը սիրում եմ։

164Օրը եօթն անգամ օրհնում եմ քեզ քո արդարութեան իրաւունքների համար։

165Շատ խաղաղութիւն կայ քո օրէնքը սիրողների համար. Եւ գայթակղութիւն չ’կայ նորանց համար։

166Տէր, ես քո փրկութեանն եմ սպասում, եւ պատուիրանքներդ կատարում։

167Իմ անձը պահում է քո վկայութիւնները. Եւ ես շատ սիրում եմ նորանց։

168Ես պահում եմ քո պատուիրանքներն ու վկայութիւնները. Որովհետեւ բոլոր ճանապարհներս քո առաջին են։ ԹԱՎ

169Տէր, թող իմ աղաղակը մօտենայ քո առաջին. Քո խօսքի պէս իմաստուն արա ինձ։

170Թող իմ աղաչանքը մտնէ քո առաջը. Քո խօսքի պէս փրկիր ինձ։

171Իմ շրթունքները օրհնութիւն են բղխում, որ հրամաններդ սովորեցնես ինձ։

172Թող իմ լեզուն խօսի քո խօսքի համար. Որովհետեւ քո բոլոր պատուիրանքներն արդարութիւն են։

173Թող ձեռքդ ինձ օգնական լինի. Որովհետեւ ես ընտրում եմ քո պատուիրանքներն։

174Տէր, ես ցանկանում եմ քո փրկութեանը. Եւ քո օրէնքն է իմ ուրախութիւնը։

175Թող իմ անձն ապրի եւ քեզ օրհնէ. Եւ քո իրաւունքներն օգնեն ինձ։

176Ես մոլորուեցայ ինչպէս կորած ոչխար. Ման եկ քո ծառային. Որովհետեւ քո պատուիրանքները ես չ’մոռացայ։

le>