1Աստիճանների երգ։ Տէր, յիշիր Դաւիթին եւ նորա բոլոր նեղութիւնները.
2Որ երդուաւ Տիրոջը եւ ուխտ դրաւ Յակոբի Զօրաւորին,
3Թէ տանս յարկի տակը չեմ մտնիլ, եւ իմ գցած անկողնի վերայ չեմ ելնիլ.
4Թէ աչքերիս քուն չեմ տալ, եւ ոչ իմ արտեւանունքներին՝ ննջել,
5Մինչեւ որ տեղ գտնեմ Տիրոջ համար, եւ բնակարան՝ Յակոբի Զօրաւորի համար։
6Ահա լսեցինք նորա համար Եփրաթայումը, գտանք նորան անտառի դաշտումը։
7Թող մտնենք նորա բնակարանները, երկրպագենք նորա պատուանդանի դէմ։
8Վեր կաց, Տէր, դէպի քո հանգստութիւնը, դու եւ քո զօրութեան տապանակը։
9Քո քահանաները թող արդարութիւն հագնեն. Եւ քո սուրբերը ցնծան։
10Քո ծառայ Դաւիթի համար մի դարձնիր քո օծեալի երեսը։
11Տէրը ճշմարտութիւնով երդում արաւ Դաւիթին, նա ետ չի դառնալ նորանից, թէ Քո որովայնի պտղիցը կ’նստեցնեմ քո աթոռի վերայ։
12Եթէ քո որդիքն իմ ուխտն ու վկայութիւնը պահեն, որ կ’սովորեցնեմ նորանց. Ապա նորանց որդիքը յաւիտեանս յաւիտենից կ’նստեն քո աթոռի վերայ։
13Որովհետեւ Տէրը Սիօնին ընտրեց, հաւանեց նորան իրան բնակարան շինելու համար.
14Այս է յաւիտեան իմ հանգիստը, այստեղ կ’բնակուեմ. Որովհետեւ սորան հաւանեցի։
15Նորա կերակուրն օրհնելով կ’օրհնեմ, եւ նորա աղքատները կ’կշտացնեմ հացով։
16Եւ նորա քահանաներին փրկութիւն կ’հագցնեմ, եւ նորա սուրբերը ցնծալով կ’ցնծան։
17Այնտեղ Դաւիթի համար եղջիւր կ’բուսցնեմ. Եւ ճրագ կ’պատրաստեմ իմ օծեալի համար։
18Նորա թշնամիներին ամօթ կ’հագցնեմ, բայց նորա վերայ նորա պսակը կ’ծաղկի։