1Ալէլուիա։ Օրհնեցէք Տիրոջ անունը. օրհնեցէք, ով Տիրոջ ծառաները.
2Որ կանգնում էք Տիրոջ տանը՝ մեր Աստուծոյ տան սրահներումը։
3Օրհնեցէք Տիրոջը, որովհետեւ Տէրը բարի է. Սաղմոս ասեցէք նորա անունին, որովհետեւ քաղցր է։
4Որովհետեւ Տէրը Յակոբին ընտրեց իրան համար, եւ Իսրայէլին՝ իր ժառանգութեան համար։
5Որովհետեւ ես իմացայ որ Տէրը մեծ է. Եւ մեր Տէրն աւելի մեծ է քան ամեն աստուածները։
6Տէրն իր բոլոր կամեցածն անում է երկնքումն ու երկրումս, ծովերումը եւ ամեն խոր տեղերումը։
7Որ նա ամպերը բարձրացնում է երկրի ծայրիցը՝ կայծակներն անձրեւ է շինում. Քամին հանում է իր շտեմարաններիցը։
8Որ Եգիպտոսի անդրանիկներն սպանեց մարդիցը մինչեւ անասունները։
9Որ նշաններ եւ հրաշքներ ուղարկեց քո մէջը, ով Եգիպտոս, Փարաւօնի եւ նորա բոլոր ծառաների վերայ։
10Որ շատ ազգեր զարկեց, եւ զօրեղ թագաւորներ սպանեց.
11Ամօրհացիների Սեհօն թագաւորին, Բասանի Ովգ թագաւորին, եւ Քանանացիների բոլոր թագաւորութիւնները։
12Եւ նորանց երկիրը տուաւ ժառանգութիւն, ժառանգութիւն՝ իր Իսրայէլ ժողովրդի համար։
13Տէր, քո անունը մինչեւ յաւիտեան է. Տէր, քո յիշատակը ազգից մինչեւ ազգ։
14Որովհետեւ Տէրն իր ժողովրդին կ’դատէ, եւ իր ծառաներին կ’ողորմէ։
15Հեթանոսների կուռքերը արծաթ եւ ոսկի են, մարդկանց ձեռքի գործեր։
16Բերան ունին եւ չեն խօսում. Աչքեր ունին եւ չեն տեսնում.
17Ականջներ ունին եւ չեն լսում, եւ բնաւ շունչ չ’կայ նորանց բերանումը։
18Նորանց նման են նորանց շինողները, եւ բոլոր նորանց յուսացողները։
19Ով Իսրայէլի տունը, օրհնեցէք Տիրոջը. Ով Ահարօնի տունը, օրհնեցէք Տիրոջը։
20Ով Ղեւիի տունը, օրհնեցէք Տիրոջը. Ով Տէրից վախեցողներ, օրհնեցէք Տիրոջը։
21Օրհնեալ լինի Տէրը Սիօնի միջիցը, նա՝ որ բնակուած է Երուսաղէմումը։ Ալէլուիա։