1Դաւիթի Սաղմոս։ Ով Տէր, լսիր իմ աղօթքը. Ականջ դիր իմ աղաչանքին. Պատասխանիր ինձ քո ճշմարտութիւնովը եւ քո արդարութիւնովը։
2Եւ դատաստանի մի մտնիր քո ծառայի հետ. Որովհետեւ ոչ մէկ կենդանի չի արդարանալ քո առաջին։
3Որովհետեւ թշնամին հալածում է իմ անձը, նա կեանքս վայր է գցում գետինը եւ ինձ նստեցնում է խաւարի մէջ ինչպէս որ առաջուց մեռածները։
4Եւ իմ հոգին մաշուած է ինձանում, իմ սիրտն աւերուած է ինձանում։
5Ես յիշում եմ առաջի օրերը. Մտածում եմ քո բոլոր գործերի վերայ. Խորհում եմ քո ձեռքերի գործքի վերայ։
6Ձեռքերս տարածում եմ դէպի քեզ. իմ անձը չոր երկրի պէս ծարաւ է քեզ։ (Սէլա։)
7Շուտ արա, լսիր ինձ, Տէր. Հոգիս մաշվում է. Երեսդ մի ծածկիր ինձանից, որ գերեզմանի մէջ իջնողներին չ’նմանիմ։
8Առաւօտը լսել տուր ինձ քո ողորմութիւնը. Որ քեզ եմ յուսացել. ինձ ցոյց տուր այն ճանապարհը որ պիտի գնամ նորանում, որովհետեւ դէպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։
9Տէր, փրկիր ինձ իմ թշնամիներիցը. Ես քեզ եմ ապաւինել։
10Սովորեցրու ինձ կատարել քո կամքը, որովհետեւ դու ես իմ Աստուածը. քո բարի հոգին թող առաջնորդէ ինձ դէպի ուղիղ երկիր։
11Տէր, քո անունի համար ապրեցրու ինձ. Քո արդարութեան համար հանիր իմ անձը նեղութիւնից։
12Եւ քո ողորմութիւնովը սատկեցրու իմ թշնամիներին եւ կորցրու իմ անձի բոլոր նեղիչներին. Որովհետեւ ես քո ծառան եմ։