ՍԱՂՄՈՍ 145:1-21 ABA1910 - Bible AI

1Դաւիթի օրհնաբանութիւն։ Բարձր կ’անեմ քեզ, ով իմ Աստուած, ով Թագաւոր. Եւ կ’օրհնեմ քո անունը յաւիտեանս յաւիտենից։

2Ամեն օր կ’օրհնեմ քեզ, եւ քո անունը կ’գովեմ յաւիտեանս յաւիտենից։

3Մեծ է Տէրը եւ շատ օրհնեալ. Եւ նորա մեծութեանը չափ չ’կայ։

4Ազգ ազգի կ’գովէ քո գործերը. Եւ կ’պատմեն քո զօրութիւնները։

5Քո փառաւոր մեծութեան գեղեցկութեան վերայ, եւ քո հրաշալի գործերի վերայ կ’մտածեմ։

6Քո ահաւոր զօրութեան մասին կ’խօսեն. Եւ ես քո մեծութիւնը կ’պատմեմ։

7Քո շատ քաղցրութեան յիշատակը կ’հրատարակեն. Եւ ցնծութիւնով կ’պատմեն քո մեծութիւնը։

8Ողորմած եւ գթած է Տէրը. Երկայնամիտ եւ բազումողորմ։

9Բարի է Տէրը ամենի համար. Եւ նորա ողորմութիւնը իր բոլոր գործերի վերայ է։

10Տէր, քո բոլոր գործերը պիտի գոհանան քեզանից, եւ քո սուրբերը պիտի օրհնեն քեզ։

11Քո թագաւորութեան փառքը պիտի խօսին. Եւ քո զօրութիւնները պիտի պատմեն։

12Որ իմացնեն մարդկանց որդիներին նորա զօրութիւնները, եւ նորա թագաւորութեան փառաւոր մեծութիւնը։

13Քո թագաւորութիւնը ամենայաւէտ թագաւորութիւն է, եւ քո իշխանութիւնը՝ միշտ ազգից մինչեւ ազգ։

14Տէրը հաստատում է ընկածներին, եւ կանգնեցնում է ամեն կռացածներին։

15Ամենի աչքերը քեզ են սպասում, եւ դու տալիս ես նորանց կերակուրը իրանց ժամանակին։

16Դու բաց ես անում քո ձեռքը, եւ կշտացնում ես ամեն կենդանին հաճութիւնով։

17Տէրն արդար է իր բոլոր ճանապարհներումը. Եւ ողորմած՝ իր բոլոր գործերումը։

18Տէրը մօտիկ է բոլոր դէպի իրան կանչողներին, այն ամենին՝ որ կանչում են նորան ճշմարտութիւնով։

19Իրանից վախեցողների կամքը անում է նա. Եւ նորանց աղաղակին լսում եւ նորանց փրկում է։

20Տէրը պահում է բոլոր իրան սիրողներին. Բայց բոլոր ամբարիշտներին կ’կորցնէ։

21Իմ բերանը Տիրոջ օրհնութիւնը կ’խօսի, եւ ամեն մարմին նորա սուրբ անունը կ’օրհնէ յաւիտեանս յաւիտենից։

e>