1Սրտանց սիրում եմ քեզ, ով Տէր՝ իմ զօրութիւնը։
2Տէր, իմ վէմ, եւ իմ բերդ եւ իմ ազատիչ. Իմ Աստուած, իմ ամրութիւն, որին ես յուսացած եմ։ Ով իմ ասպար եւ իմ փրկութեան եղջիւր, նա իմ բարձր աշտարակն է.
3Ես օրհնեալ Տիրոջը կանչեցի, եւ իմ թշնամիներիցը կ’փրկուիմ։
4Մահի լարերը շրջապատեցին ինձ, եւ կորստեան վտակները վախեցրին ինձ,
5Գերեզմանի ցաւերը պատեցին ինձ, մահի որոգայթները հասան ինձ վերայ։
6Ես իմ նեղութիւնումը կանչեցի դէպի Տէրը, եւ դէպի իմ Աստուածն աղաղակեցի. Նա լսեց իմ ձայնը իր տաճարիցը. Եւ իմ աղաղակը նորա առաջը հասաւ՝ նորա ականջներին։
7Այն ժամանակ երկիրը դողաց ու շարժուեցաւ, եւ սարերի հիմունքները սարսափեցան եւ դողացին. Որովհետեւ նա բարկացաւ։
8Ծուխ դուրս եկաւ նորա քթիցը, եւ փչացնող կրակ՝ նորա բերանիցը. Կայծակներ փայլատակեցին նորանից։
9Նա խոնարհեցրեց երկինքը եւ վայր եկաւ, եւ մառախուղ կար նորա ոտների տակ։
10Նա հեծաւ քերովբէի վերայ եւ թռաւ. Եւ սլացաւ քամիի թեւերի վերայ։
11Նա խաւարը ծածկոյթ դրաւ իր վերայ. խորան եղան նորան չորս կողմովը խաւարային ջուրերը եւ երկնքի ամպերը։
12Նորա առաջին փայլող լոյսիցը նորա ամպերն անցան, կարկուտ եւ կրակի կայծակներ դառան։
13Եւ Տէրը որոտաց երկնքումը, եւ Բարձրեալն իր ձայնը տուաւ կարկուտով եւ կրակի կայծակներով։
14Եւ նա իր նետերն ուղարկեց եւ ցրուեց նորանց, եւ կայծակները գցեց եւ շփոթեցրեց նորանց։
15Եւ երեւեցան ջրերի անդունդքը, եւ երկրի հիմունքը յայտնուեցան քո սաստելուցը, Տէր. Քո բարկութեան հողմի փչելուցը։
16Նա վերեւիցն ուղարկեց եւ բռնեց ինձ. Նա շատ ջրերից հանեց ինձ։
17Նա ազատեց ինձ իմ զօրաւոր թշնամիիցը, եւ իմ ատողներիցը, որ ինձանից զօրաւոր էին։
18Նորանք իմ նեղութեան օրումը առաջս առան. Բայց Տէրը նեցուկ եղաւ ինձ համար։
19Եւ ինձ հանեց լայնարձակ տեղ եւ ինձ փրկեց. Որովհետեւ հաւանեց ինձ։
20Տէրը բարի է անում ինձ իմ արդարութեան պէս, եւ ինձ հատուցանում է իմ ձեռքի մաքրութեան պէս։
21Որովհետեւ ես պահեցի Տիրոջ ճանապարհները եւ իմ Աստուածանից ամբարշտութիւնով չ’հեռացայ։
22Որովհետեւ նորա ամեն իրաւունքներն իմ առաջն են, եւ ես նորա պատուիրանքներն ինձանից չեմ հեռացնում։
23Ես անարատ եմ նորա առաջին, եւ զգուշանում եմ իմ անօրէնութիւնիցը։
24Ուստի Տէրը հատուցանում է ինձ իմ արդարութեան պէս. Իմ ձեռքի մաքրութեան պէս՝ նորա աչքի առաջին։
25Ողորմածի հետ ողորմած ես. Եւ անարատի հետ անարատ ես.
26Իստակի հետ իստակ ես. Եւ ծուռի հետ՝ ծուռ։
27Որովհետեւ դու աղքատ ժողովրդին ապրեցնում ես. Եւ բարձր աչքերը խոնարհեցնում ես։
28Որովհետեւ դու լուսաւորում ես իմ ճրագը. Տէր Աստուածը լուսաւոր է անում իմ խաւարը.
29Որովհետեւ քեզանով վազում եմ զօրքի վերայ. Եւ իմ Աստուծովն անց եմ կենում պարսպի վերայից։
30Աստուծոյ ճանապարհը կատարեալ է. Տիրոջ խօսքը կրակով մաքրուած է. նա պահապան է ամեն իրան յուսացողների համար.
31Որովհետեւ ո՞վ է Աստուած բացի Տէրիցը. Եւ ո՞վ է վէմ մեր Աստուածանից ջոկ.
32Այն Աստուածը, որ զօրութիւն է հագցնում ինձ. Եւ իմ ճանապարհն անարատ անում.
33Նա որ իմ ոտներն եղջերուների ոտների նման է շինում, եւ ինձ՝ բարձր տեղերումը կանգնեցնում.
34Նա իմ ձեռքը վարժեցնում է պատերազմ անելու, որ իմ բազուկը պղնձի աղեղը լարեն։
35Եւ տալիս ես ինձ քո փրկութեան վահանը, եւ քո աջը հաստատում է ինձ, եւ քո քաղցրութիւնը մեծացնում է ինձ։
36Դու լայնարձակ ես անում իմ գնացքը իմ տակ, եւ իմ սրունքները չեն դողում։
37Ես կ’հալածեմ իմ թշնամիները եւ նորանց կ’հասնեմ. Եւ ետ չեմ դառնալ մինչեւ որ փչանան։
38Ես կ’զարկեմ նորանց, որ չ’կարողանան վեր կենալ. Նորանք իմ ոտների տակ կ’ընկնեն։
39Դու ինձ զօրութիւն ես հագցնում պատերազմի համար. Եւ ինձ դէմ վեր կացածներին իմ տակն ես գցում։
40Դու իմ թշնամիներին հալածական ես անում. Եւ ես ինձ ատողներին կ’փչացնեմ։
41Նորանք կանչում են, բայց փրկող չ’կայ. դէպի Տէրը՝ բայց նա նորանց չէ պատասխանում։
42Ես կ’փշրեմ նորանց ինչպէս փոշի քամիի առաջին. Դուրս կ’թափեմ նորանց ինչպէս փողոցի ցեխը։
43Դու ազատում ես ինձ ժողովրդի հակառակութիւնիցը, ինձ հեթանոսների վերայ գլուխ ես դնում. Այն ժողովուրդը, որ ես նորան չէի ճանաչում, ծառայում է ինձ։
44Հէնց ականջով լսելով՝ հնազանդուեցան ինձ. Օտարների որդիքը ինձ շողոքորթեցին։
45Օտարների որդիքը թուլացան, եւ սարսափում էին իրանց ապաստարաններիցը։
46Կենդանի է Տէրը. Եւ օրհնեալ է իմ Վէմը. Եւ բարձրացած լինի իմ փրկութեան Աստուածը.
47Այն Աստուածը՝ որ վրէժս առնում է, եւ ժողովուրդները հնազանդեցնում է իմ ներքեւը.
48Որ փրկում է ինձ իմ թշնամիներիցը. Եւ բարձրացնում է ինձ նորանցից, որ ինձ դէմ վեր կացան. Դու ազատում ես ինձ անիրաւ մարդիցը։
49Սորա համար հեթանոսների մէջ կ’գոհանամ քեզանից, ով Տէր. Եւ քո անունին սաղմոս կ’ասեմ։
50Նա մեծացնում է իր փրկութիւնը իր թագաւորի համար. Եւ ողորմութիւն է անում իր օծեալ Դաւիթին եւ նորա զաւակին մինչեւ յաւիտեան։