1Երգողների գլխաւորին։ Այէլէթ-հաշահարի վերայ։ Դաւիթի Սաղմոս։ Իմ Աստուած, իմ Աստուած, ի՞նչի համար ես թողել ինձ. Հեռու ես իմ փրկութիւնիցը և իմ հառաչանքի խօսքերիցը։
2Ով իմ Աստուած, ես կանչում եմ ցերեկը, բայց դու չես պատասխանում. Գիշերն էլ՝ բայց հանգստութիւն չ’կայ ինձ համար։
3Բայց դու սուրբ ես, ով Իսրայէլի գովութիւնների մէջ բնակողդ։
4Քեզ յուսացան մեր հայրերը. Նորանք յուսացան եւ դու փրկեցիր նորանց։
5Դէպի քեզ աղաղակեցին, եւ ազատուեցան. քեզ յոյս դրին եւ չ’ամաչեցին։
6Իսկ ես որդ եմ եւ չէ թէ մարդ. մարդկանց նախատինք եւ ժողովրդի անարգանք։
7Ամեն ինձ տեսնողները ծաղր են անում ինձ. Իրանց շրթունքները բաց են անում և գլուխ շարժում։
8Նա Տիրոջը յուսացաւ, թող ազատէ դորան. թող փրկէ դորան՝ եթէ հաւանել է դորան։
9Իրաւի՝ դու ես որ հանեցիր ինձ իմ մօր արգանդիցը. Դու եղար իմ յոյսը՝ իմ մօր ծծի վերայ։
10Ես իմ մօր արգանդիցը քեզ վերայ եմ գցուած. Իմ մօր փորիցը դու ես իմ Աստուածը։
11Մի հեռանար ինձանից, որովհետեւ նեղութիւնը մօտ է, որովհետեւ օգնութիւն անող չ’կայ։
12Իմ չորս կողմը շատ զուարակներ պատեցին, եւ Բասանի զօրեղ եզները պաշարեցին ինձ։
13Իրանց բերանը բաց արին ինձ վերայ, ինչպէս գոռող եւ յափշտակող առիւծ։
14Ես ջուրի պէս թափուեցայ, եւ իմ ամեն ոսկորները լուծուեցան. սիրտս որովայնումս հալած մոմի պէս եղաւ։
15Զօրութիւնս չորացաւ խեցիի պէս, եւ լեզուս քիմքիս է կպած. Եւ դու մահի հողի մէջ դրիր ինձ։
16Որովհետեւ շուները պատեցին ինձ, եւ չարերի ժողովքը շրջապատեցին ինձ. իմ ձեռքերն ու ոտքերը ծակեցին։
17Ես համարում եմ իմ ամեն ոսկորները, բայց նորանք նայում եւ դիտում են ինձ։
18Շորերս բաժանում են իրանց մէջ, եւ պատմուճանիս վերայ վիճակ են գցում։
19Բայց դու, ով իմ Տէր, մի հեռանար. Ով իմ զօրութիւն, ինձ օգնութեան շտապիր։
20Փրկիր իմ անձը սուրիցը, եւ իմ կեանքը՝ շան ձեռքիցը։
21Ազատիր ինձ առիւծի բերանիցը, եւ պատասխանիր ինձ գոմէշի եղջիւրներիցն ազատելով։
22Ես քո անունը կ’պատմեմ իմ եղբայրներին. Ժողովրդի մէջ կ’օրհնեմ քեզ։
23Ով Տէրիցը վախեցողներ, օրհնեցէք նորան. Ով Յակոբի ամեն զաւակները, փառաւորեցէք նորան. Եւ վախեցէք նորանից, ով Իսրայէլի բոլոր զաւակները։
24Որովհետեւ նա չ’անարգեց եւ չ’արհամարհեց խեղճի խղճութիւնը, եւ չ’ծածկեց նորանից իր երեսը. Բայց երբոր նա աղաղակեց դէպի նորան՝ նա ականջ դրաւ։
25Քեզ օրհնութիւն կ’տամ մեծ ժողովրդում. իմ ուխտը կ’կատարեմ նորանից վախեցողների առաջին։
26Թող խեղճերն ուտեն եւ կշտանան. Թող օրհնեն Տիրոջը նորան խնդրողները. ձեր սիրտը թող ապրի յաւիտեան։
27Երկրի ամեն ծայրերը կ’յիշեն եւ Տիրոջ մօտ կ’դառնան. Հեթանոսների ամեն ազգերը քո առաջին երկրպագութիւն կ’անեն։
28Որովհետեւ Տիրոջն է թագաւորութիւնը, եւ նա իշխանութիւն է անում հեթանոսների մէջ։
29Երկրի ամեն պարարտները կ’ուտեն եւ երկրպագութիւն կ’անեն. նորա առաջին վայր կ’ընկնեն ամեն հողը իջնողները, որ իրանց անձը չեն ապրեցնում։
30Սերունդը կ’ծառայէ նորան. նա Տիրոջը ազգ կ’համարուի։
31Կ’գան եւ նորա արդարութիւնը կ’պատմեն այն ծնուելու ժողովրդին. Թէ Այս ամենը նա արաւ։