1Դաւիթի (Սաղմոս)։ Տէրն է իմ լոյսը եւ իմ փրկութիւնը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տէրն է իմ կեանքի զօրութիւնը, ես ումի՞ց պիտի սարսափիմ։
2Չարերն ինձ վերայ են գալիս որ իմ մարմինն ուտեն. Իմ նեղացնողներն ու թշնամիները սահում են եւ վայր ընկնում։
3Թէեւ զօրաբանակ էլ ինձ դէմ բանակ տայ, իմ սիրտը չի վախենալ. Թէեւ պատերազմ էլ վեր կենայ ինձ դէմ, ես դարձեալ կ’յուսամ։
4Մէկ բան եմ խնդրում Տէրիցը. Եւ այն շատ կ’փափաքէի, որ Տիրոջ տանը բնակուիմ իմ կեանքի բոլոր օրերը, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ եւ նորա տաճարին զննելով մտիկ տամ։
5Որովհետեւ չար օրումը՝ նա ծածկում է ինձ իր խորանի մէջ. Նա թագցնում է ինձ իր խորանի ծածուկ տեղումը, եւ բարձրացնում է ինձ վէմի վերայ։
6Եւ հիմա իմ գլուխը կ’բարձրանայ իմ թշնամիների վերայ, որ իմ չորս կողմովը կան. Եւ նորա խորանի մէջ գոհութեան պատարագներ կ’մատուցանեմ, կ’երգեմ եւ սաղմոս կ’ասեմ Տիրոջը։
7Լսիր, Տէր, իմ ձայնը՝ երբոր կանչեմ, եւ ողորմիր ինձ, եւ պատասխան տուր ինձ։
8Իմ սիրտն ասում է քեզ քո խօսքը՝ թէ խնդրեցէք իմ երեսը. Ահա, Տէր, ես էլ խնդրում եմ քո երեսը։
9Մի ծածկիր ինձանից քո երեսը, մի մերժիր ծառայիդ քո բարկութիւնովը. Դու ես իմ օգնութիւնը. Մի հեռացնիր ինձ եւ մի թողուր ինձ, ով իմ փրկութեան Աստուած։
10Թէեւ հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տէրն ընդունում է ինձ։
11Սովորեցրու ինձ, Տէր, քո ճանապարհը, եւ առաջնորդիր ինձ ուղիղ ճանապարհում իմ թշնամիների պատճառով։
12Մի մատնիր ինձ իմ նեղացնողների կամքին. Որովհետեւ սուտ վկաներ են կանգնում ինձ դէմ՝ որ անօրէնութիւն են փչում։
13Իսկ թէ որ ես հաստատ չ’հաւատայի՝ թէ Տիրոջ բարութիւնը կ’տեսնեմ կենդանեաց երկրումը։ …
14Սպասիր Տիրոջը, թող սիրտդ պինդ եւ զօրաւոր լինի. Եւ սպասիր Տիրոջը։