ՍԱՂՄՈՍ 28:1-9 ABA1910 - Bible AI

1Դաւիթի (Սաղմոս)։ Տէր, դէպի քեզ եմ կանչում. իմ Վէմ, լուռ մի կենար ինձանից. որ չ’լինի թէ դու ինձանից լուռ կենաս, եւ ես գերեզմանի մէջ մտնողներին նմանիմ։

2Լսիր իմ աղաչանքի ձայնը՝ ես դէպի քեզ աղաղակելիս, երբոր իմ ձեռքը բարձրացնեմ դէպի քո սուրբ խորանը։

3Մի կորցնիր ինձ ամբարիշտների հետ եւ անօրէնութիւն գործողների հետ, որ իրանց ընկերների հետ խաղաղութիւն են խօսում, բայց նորանց սրտերումը չարութիւն կայ։

4Տուր նորանց իրանց գործքերի պէս եւ իրանց վարքերի չարութեան պէս՝ իրանց ձեռքի գործքերի պէս տուր նորանց. Իրանց հատուցումը դարձրու նորանց։

5Որովհետեւ միտք չեն դնում Տիրոջ գործքերին, եւ ոչ նորա ձեռքի գործքերին. Նա կ’կործանէ նորանց եւ էլ չի շինիլ։

6Օրհնեալ է Տէրը, որ լսում է իմ աղաչանքի ձայնին։

7Տէրն է իմ զօրութիւնը եւ իմ վահանը. իմ սիրտը նորան է յուսացել, եւ նա ինձ օգնութիւն եղաւ. Իմ սիրտը ցնծում է եւ ես իմ օրհնութիւնովը փառաբանում եմ նորան։

8Տէրն իր ժողովրդի զօրութիւնն է. Նա է փրկութեան զօրութիւնը իր օծեալին համար։

9Փրկիր քո ժողովուրդը, եւ օրհնիր քո ժառանգութիւնը, եւ արածացրու նորանց, եւ բարձրացրու նորանց մինչեւ յաւիտեան։