1Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Ով Տէր, ես քեզ եմ յուսացած, թող չ’ամաչեմ յաւիտեան. քո արդարութիւնովը փրկիր ինձ։
2Խոնարհեցրու քո ականջը ինձ մօտ. Շուտով փրկիր ինձ. Ինձ համար զօրաւոր վէմ եղիր եւ ամուր տուն՝ որ փրկես ինձ։
3Որովհետեւ դու ես իմ վէմը եւ բերդը, եւ քո անունի համար առաջնորդիր ինձ եւ կառավարիր ինձ։
4Հանիր ինձ որոգայթիցը, որ գաղտուկ լարեցին ինձ համար. Որովհետեւ դու ես իմ զօրութիւնը։
5Քո ձեռքն եմ յանձնում իմ հոգին. Դու փրկեցիր ինձ, ով Եհովայ, ճշմարիտ Աստուած։
6Ատում եմ նորանց որ ունայն կուռքեր են պաշտում. Բայց ես Տիրոջն եմ յուսացած։
7Կ’ցնծամ եւ ուրախ կ’լինիմ քո ողորմութիւնովը. Որ իմ խեղճութիւնը տեսար եւ իմ անձի նեղութիւնը ճանաչեցիր.
8Եւ ինձ թշնամիի ձեռքը չ’մատնեցիր. Բայց իմ ոտները լայնարձակ տեղ կանգնեցրիր։
9Ողորմիր ինձ, Տէր, որ նեղուած եմ. Տրտմութիւնով մաշուեցաւ իմ աչքը, իմ անձը եւ իմ փորը.
10Որովհետեւ իմ կեանքը վերջացաւ տխրութիւնով, եւ իմ տարիքը՝ հառաչանքով. Իմ զօրութիւնը տկարացաւ իմ թշուառութիւնովը, եւ իմ ոսկորները մաշուեցան։
11Իմ ամեն թշնամիների առաջին շատ նախատինք եղայ, մանաւանդ իմ դրացիների առաջին. Եւ ահ ու վախ եղայ իմ բարեկամների համար. փողոցներումն ինձ տեսնողները փախչում են ինձանից՝
12Մեռածի պէս մոռացուած եղայ սրտից. Կորած ամանի նման եմ դառել։
13Որովհետեւ շատերի բամբասանքը լսեցի. իմ չորս կողմովը ահ կայ. Իրար հետ ժողովուելիս ինձ համար են խորհուրդ անում որ կեանքս վեր առնեն։
14Բայց ես քեզ եմ յոյս դրած, ով Տէր. Ասում եմ թէ Դու ես իմ Աստուածը։
15Իմ ժամանակը քո ձեռքին է. Փրկիր ինձ իմ թշնամիների ձեռքիցը եւ իմ հալածողներիցը։
16Երեսդ փայլեցրու քո ծառայի վերայ. Փրկիր ինձ քո ողորմութիւնովը։
17Տէր թող չ’ամաչեմ. Որովհետեւ դէպի քեզ եմ կանչում. Թող ամբարիշտներն ամաչեն եւ լռեն գերեզմանումը.
18Թող պապանձուին սուտ շրթունքները՝ որ արդարին հակառակ անամօթութիւն են խօսում գոռոզութիւնով եւ անարգութիւնով։
19Քանի՜ մեծ է քո բարութիւնը, որ պահեցիր քեզանից վախեցողների համար, եւ որ անում ես քեզ յուսացողներին. Մարդկանց որդկանց առաջին։
20Դու ծածկում ես նորանց քո երեսի ծածկոյթովը մարդի դաւաճանութիւնիցը. Դու թագցնում ես նորանց քո խորանի մէջ լեզուների հակառակութիւնից։
21Օրհնեալ է Տէրը, որ փառաւոր արաւ իր ողորմութիւնը ինձ վերայ մի ամուր քաղաքի մէջ։
22Իսկ ես իմ շփոթութեան մէջ ասեցի թէ Ես դէն գցուեցայ քո աչքերի առաջիցը. Բայց դարձեալ լսեցիր աղաղակիս ձայնին՝ երբոր ես դէպի քեզ աղաղակեցի։
23Սիրեցէք Տիրոջը, ով նորա ամեն սուրբեր. Տէրը պահում է հաւատացեալներին. Եւ աւելութիւնով հատուցանում է նորան, որ ամբարտաւանութիւն է գործում։
24Քաջացէք եւ ձեր սրտերը թող զօրանան, դուք ամենքդ՝ որ Տիրոջն էք յոյս դրել։