1Դաւիթի Երգ։ Երանի նորան՝ որի անօրէնութիւնը թողուեցաւ, եւ որի մեղքը ծածկուեցաւ։
2Երանի այն մարդին, որ Տէրն անօրէնութիւն չէ համարում նորան՝ եւ նենգութիւն չ’կայ նորա հոգիի մէջ։
3Երբոր ես լուռ կացայ՝ ոսկորներս մաշուեցան իմ ամեն օր հառաչելովը։
4Որովհետեւ ցերեկ եւ գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վերայ. Իմ թացութիւնը ամառուան չորութիւն դառաւ։ (Սէլա։)
5Ես մեղքս յայտնեցի քեզ եւ անօրէնութիւնս չ’ծածկեցի. Ասեցի թէ՝ Անօրէնութիւնս խոստովանիմ Տիրոջը. Եւ դու թողեցիր իմ մեղքի անօրէնութիւնը։ (Սէլա։)
6Սորա համար ամեն բարեպաշտ աղօթք կ’անէ քեզ՝ քեզ գտնելու ժամանակումը. Իրաւի շատ ջուրերի հեղեղները վեր կենալիս՝ չեն հասնիլ նորանց վերայ։
7Դու ես իմ ապաստանը. Նեղութիւնից կ’պահես ինձ. փրկութեան երգերով կ’պատես ինձ։ (Սէլա։)
8Իմաստուն կ’անեմ քեզ, եւ կ’սովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որ նորանում պիտի գնաս. Կ’խրատեմ քեզ՝ իմ աչքը քեզ վերայ կ’լինի։
9Մի լինիք ինչպէս ձի եւ ջորի որ միտք չ’ունին, որ նորանց կզակի մէջ սանձ եւ պախուրձ պէտք է դնել՝ որ չ’մօտենան քեզ։
10Շատ ցաւ կայ ամբարշտի համար, բայց նա որ Տիրոջն է յուսացած՝ ողորմութիւն կ’պատէ նորան։
11Ուրախացէք Տէրովը եւ ցնծացէք, ով արդարներ, եւ ցնծութեամբ աղաղակեցէք ամենքդ՝ որ ուղիղ էք սրտով։