1Ցնծացէք Տէրով, ով արդարներ. Ուղիղներին վայելում է օրհնութիւն։
2Գոհացէք Տէրիցը քնարով. տասը թելաւոր սաղմոսարանով սաղմոս երգեցէք նորան։
3Նոր երգ երգեցէք նորան. քնարը լավ ածեցէք ցնծութեան բարձր աղաղակով:
4Որովհետեւ ուղիղ է Տիրոջ խօսքը, եւ նորա ամեն գործերը հաւատարմութիւնով են:
5Նա արդարութիւն եւ իրաւունք է սիրում. երկիրը լիքն է Տիրոջ ողորմութիւնովը:
6Տիրոջ խօսքովը երկինքն ստեղծուեցաւ, եւ նորա բերանի հոգովը նորա բոլոր զօրքերը:
7Նա ժողովում է ծովի ջուրերը ինչպէս դէզ, եւ անդունդները դնում է ամբարներում:
8Թող Տերիցը վախենան ամեն երկիր. թող նորանից սարսափեն աշխարհքի ամեն բնակիչները:
9Որովհետեւ նա ասեց եւ եղաւ. նա հրամայեց եւ հաստատուեցաւ:
10Տէրը ոչնչացնում է հեթանոսների խորհուրդները, եւ փչացնում է ժողովուրդների մտածմունքները:
11Բայց Տիրոջ խորհուրդը հաստատ է յաւիտեան. նորա սրտի մտածմունքները՝ ազգից մինչեւ ազգ:
12Երանի այն ազգին՝ որ նորա Աստուածը Տէրն է, եւ այն ժողովրդին՝ որ նա իր համար ժառանգութիւն ընտրեց նորան:
13Տէրը մտիկ է անում երկնքիցը. տեսնում է մարդկանց ամեն որդիքը:
14Իրան բնակութեան վայրիցը նայում է երկրի ամեն բնակիչների վերայ:
15Նորանց ամենի սիրտը ստեղծողը, նորանց ամեն գործքերը տեսնողը:
16Թագաւորը չէ փրկվում զօրքի շատութիւնով, եւ հսկան չէ պրծնում շատ զօրութիւնով:
17Սուտ է ձին փրկութեան համար. եւ իր շատ զօրութիւնովը չէ ազատում:
18Ահա Տիրոջ աչքը նորանից վախեցողների վերայ է եւ նորանց վերայ՝ որ նորա ողորմութեանն են սպասում.
19Որ փրկէ նորանց անձերը մահիցը, եւ սովի ժամանակին նորանց կերակրէ:
20Մեր անձը մտիկ է տալիս Տիրոջը. նա է մեր օգնութիւնն ու պահապանը:
21Որովհետեւ նորանով է ուրախանում մեր սիրտը. որ մենք նորա սուրբ անունին ենք յուսացած:
22Տէր, քո ողորմութիւնը լինի մեզ վերայ՝ ինչպէս որ սպասում ենք քեզ: