ՍԱՂՄՈՍ 38:1-22 ABA1910 - Bible AI

1Դաւիթի Սաղմոս. Յիշատակի համար։ Ով Տէր, մի յանդիմանիր ինձ քո բարկութիւնովը, եւ մի խրատիր ինձ քո սրտմտութիւնովը։

2Որովհետեւ քո նետերը խրուեցան իմ մէջը, եւ քո ձեռքը ծանրացաւ ինձ վերայ։

3Չ’կայ իմ մարմնումը առողջութիւն քո բարկութեան պատճառով. իմ ոսկորներումը խաղաղութիւն չ’կայ իմ մեղքի համար։

4Որովհետեւ իմ անօրէնութիւնները գլխիցս վեր բարձրացան. Ինչպէս մեծ ծանր բեռ ծանր են ինձ վերայ։

5Խոցերս հոտում եւ փտում են՝ իմ յիմարութեան համար։

6Ես կռացած եւ խիստ ցած ընկած եմ, եւ ամեն օր ման եմ գալիս սգաւոր։

7Որովհետեւ իմ երիկամունքները լիքն են բորբոքումով, եւ առողջութիւն չ’կայ իմ մարմնումը։

8Ես թուլացած եւ շատ սաստիկ փշրուած եմ. հոգոց եմ հանում իմ սրտի հառաչելուցը։

9Ով Տէր, քո առաջին է իմ բոլոր փափաքը. Եւ իմ հառաչանքը քեզանից ծածուկ չէ։

10Սիրտս դողում է. Զօրութիւնս թողել է ինձ. Եւ իմ աչքի լոյսն էլ ինձ մօտ չէ։

11Իմ սիրելիներն ու ընկերները կանգնած են իմ խոցի դէմ. Եւ իմ ազգականները կանգնած են հեռուանց։

12Եւ իմ անձը խնդրողները որոգայթ են լարում, եւ ինձ չար ուզողներն անօրէնութիւն են խօսում, եւ ամեն օր նենգութիւններ են հնարում։

13Բայց ես խուլի պէս չեմ լսում, եւ համրի պէս՝ որ իր բերանը չէ բաց անում։

14Եւ ես եղայ ինչպէս մարդ՝ որ չէ լսում, եւ որ նորա բերանումը փաստ չ’կայ։

15Որովհետեւ ես քեզ եմ ապաւինում, Տէր. Դու պատասխան կ’տաս, ով Տէր՝ իմ Աստուած։

16Որովհետեւ ես ասեցի՝ Թող ինձ վերայ չ’ուրախանան, որ իմ ոտքը սահելիս՝ ինձ վերայ պարծենան։

17Որովհետեւ ես պատրաստ եմ ընկնելու համար. Եւ իմ ցաւը միշտ առաջս է։

18Որովհետեւ ես պատմում եմ իմ անօրէնութիւնը. Եւ տրտմում եմ իմ մեղքի համար։

19Բայց իմ թշնամիները կենդանի եւ զօրաւոր են. Եւ ինձ զուր ատողները շատ են։

20Եւ բարիի տեղ ինձ չար հատուցանողները հակառակում են ինձ, նորա փոխարէն որ ես հետեւում եմ բարի բանի։

21Մի թողիր ինձ, ով Տէր՝ իմ Աստուած, մի հեռանար ինձանից։

22Շուտ արա՝ որ ինձ օգնես, ով Տէր՝ իմ Փրկիչ։

>