ՍԱՂՄՈՍ 39:1-13 ABA1910 - Bible AI

1Երգողների գլխաւորին. Իդիթունին։ Դաւիթի Սաղմոս։ Ես ասեցի՝ թէ իմ ճանապարհները պահեմ լեզուովս մեղանչելից. իմ բերանին սանձ դնեմ՝ դեռ քանի որ ամբարիշտն իմ առաջին է։

2Բերանս փակեցի պապանձուելով. Բարի բանից էլ լուռ կացայ, եւ ցաւս շատ գրգռուեցաւ։

3Սիրտս ինձանում տաքացաւ. Ես մտածելիս կրակ էր վառվում. Խօսեցի իմ լեզուովը։

4Տէր, ցոյց տուր ինձ իմ վերջը եւ իմ օրերի չափը թէ որքան է, թող իմանամ թէ քանի՜ անցաւոր եմ ես։

5Ահա թիզի չափով կարգեցիր իմ օրերը, եւ իմ կեանքի ժամանակը ոչինչի պէս է քո առաջին. բոլորովին ունայն է ամեն մարդ՝ որքան հաստատ էլ լինի։ (Սէլա։)

6Միայն պատկերի պէս է ման գալիս մարդը. Միայն զուր տեղն է հոգս քաշում. հաւաքում է եւ չ’գիտէ թէ ով պիտի առնէ այն։

7Եւ հիմա ի՞նչ բանի սպասեմ, ով Տէր. իմ յոյսը քեզ վերայ է։

8Իմ ամեն անօրէնութիւններիցը փրկիր ինձ. Ինձ յիմարի նախատինքը մի շինիր։

9Ես լուռ եմ կենում, իմ բերանը չեմ բանում, որովհետեւ դու արիր։

10Քո պատուհասը հեռացրու ինձանից. Ես քո ձեռքի զարնելովը փչացայ։

11Երբոր յանդիմանութիւնով խրատում ես մարդին իր անօրէնութիւնների համար. Ապա նորա գեղեցկութիւնը ոչնչացնում ես ինչպէս ցեցից. Իրաւի որ ունայն է ամեն մարդ։ (Սէլա։)

12Տէր, լսիր իմ աղօթքը, եւ իմ աղաղակին միտք դիր. Իմ արտասուքին լուռ մի կենար. որովհետեւ ես քո առաջին պանդուխտ եմ եւ հիւր ինչպէս որ իմ ամեն հայրերը։

13Թոյլ տուր ինձ զուարթանամ, որ տակաւին չեմ գնացել եւ ոչնչացել։

>