1Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ Սպասելով սպասեցի Տիրոջը, եւ նա դէպի ինձ նայեց եւ աղաղակս լսեց։
2Եւ ինձ հանեց կորստի հորիցը՝ տիղմոտ ցեխիցը, եւ վէմի վերայ կանգնացրեց ոտներս, եւ գնացքս հաստատեց։
3Եւ նոր երգ դրաւ իմ բերանումը մեր Աստուծոյ օրհնութիւնը. շատերը կ’տեսնեն եւ կ’վախենան եւ Տիրոջը կ’յուսան։
4Երանի այն մարդին որ նա իր յոյսը Տէրն է շինում, եւ ամբարտաւաններին ու ստութեան հետեւողներին չէ դառնում։
5Շատ են քո հրաշքները՝ որ դու արիր, ով Տէր Աստուածս. Եւ քո խորհուրդները մեզ վերայ են. Ոչ ով քեզ հաւասար չէ. Կ’պատմէի եւ կ’խօսէի նորանց, բայց համարից շատ են։
6Պատարագի եւ ընծայի չ’հաւանեցիր, բայց ականջներս բաց արիր. Ողջակէզ ու մեղքի համար պատարագ չ’պահանջեցիր.
7Ապա ասեցի. Ահա ես գալիս եմ. գրքի տոմսումը գրուած է ինձ համար.
8Քո կամքը կատարեալ կամեցայ, ով Աստուածս. Եւ քո օրէնքն իմ սրտի մէջ է։
9Ես արդարութիւն եմ քարոզում մեծ ժողովրդի մէջ. Ահա իմ շրթունքները չեմ արգելում. Տէր, դու գիտես.
10Քո արդարութիւնը չեմ թագցնում սրտիս մէջ. Քո ճշմարտութիւնն ու փրկութիւնը պատմեցի. Քո ողորմութիւնն ու հաւատարմութիւնը չեմ ծածկում մեծ ժողովքի առաջին։
11Բայց դու, Տէր, մի հեռացնիր ինձանից քո գթութիւնը. քո ողորմութիւնն ու հաւատարմութիւնը թող միշտ պաշտպանեն ինձ։
12Որովհետեւ անթիւ չարիք պատեցին ինձ. իմ անօրէնութիւնները հասան ինձ վերայ՝ որ չեմ կարող տեսնել. Աւելի շատ են իմ գլխի մազերիցը. Եւ իմ սիրտը թողեց ինձ։
13Տէր, հաճիր ինձ փրկելու. Տէր, շուտ արա՝ ինձ օգնիր։
14Թող իրար հետ ամաչեն եւ ամօթ լինին իմ անձը կորցնել խնդրողները. Թող ետ դառնան եւ խայտառակ լինին իմ չարն ուզողները։
15Իրանց ամօթի պատճառովը պիտի զարհուրին նորանք, որ ինձ ասում են Վահ վահ։
16Թող ցնծան եւ ուրախանան քեզանով. ամեն քեզ խնդրողները. Թող քո փրկութիւնը սիրողները միշտ ասեն՝ Տէրը փառաւորուի։
17Բայց ես խեղճ եմ եւ աղքատ. Տէրը հոգս է անում ինձ համար. Իմ օգնութիւնն ու փրկութիւնը դու ես, ով իմ Աստուած, մի ուշանար։