1Երգողների գլխաւորին Կորխի որդկանցը համար Երգ։ Ինչպէս որ եղջերուն փափաքում է ջրերի առուների, այնպէս էլ իմ անձը փափաքում է քեզ, ով Աստուած։
2Իմ անձը ծարաւ է Աստուծուն՝ կենդանի Աստուծուն. Ե՜րբ կ’գամ եւ նորա երեսի առաջին կ’երեւամ։
3Իմ արտասունքն ինձ հաց եղաւ ցերեկ եւ գիշեր, որ ինձ ամեն օր ասում են. Ո՞ւր է քո Աստուածը։
4Ես այս բաները յիշում եւ իմ հոգին թափում եմ ինձանում. Որ բազմութեան հետ անց կենամ գնամ նորանց հետ մինչեւ Աստուծոյ տունը տօնախմբող ամբոխի հետ օրհնութեան եւ գովասանութեան ձայնովը։
5Ի՞նչու ես տրտում, ով իմ անձը, եւ շփոթուած ես ինձանում։ Աստուծուն յուսացիր, որովհետեւ էլ կ’գոհանամ նորանից, որ իմ երեսի փրկութիւնն է։
6Ով իմ Աստուած, իմ անձը տրտում է ինձանում. Սորա համար յիշում եմ քեզ Յորդանանի երկրիցը եւ Հերմոնիցը եւ Փոքր սարիցը։
7Անդունդն անդունդին կանչում է քո յորձանքների ձայնովը. քո ամեն կոհակները եւ ալիքները անց են կենում ինձ վերայ։
8Ցերեկը Տէրը պատուիրում է իր ողորմութիւնը, եւ գիշերը օրհնութիւնը ինձ հետ կ’լինի. Աղօթքս դէպի կենաց Աստուածն է։
9Ասում եմ Աստուծուն. Ով իմ Վէմ, ի՞նչու մոռացար ինձ. ի՞նչու սգաւոր գնամ ես թշնամիի նեղացնելու համար։
10Իմ ոսկորները փշրուելիս իմ թշնամիներն ինձ դեռ նախատինք էլ են տալիս եւ ամեն օր ինձ ասում. Թէ Ո՞ւր է քո Աստուածը։
11Ի՞նչու ես տրտում, ով իմ անձը, ի՞նչու ես շփոթուած ինձանում. Աստուծուն յուսացիր. Որովհետեւ էլ կ’գոհանամ նորանից, որ իմ երեսի փրկութիւնն եւ իմ Աստուածն է։