1Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց Երգ։ Ով Աստուած, մեր ականջներովը լսեցինք. մեր հայրերը պատմեցին մեզ այն գործը, որ դու գործեցիր նորանց օրերումը՝ այն առաջի ժամանակներումը։
2Դու քո ձեռքովը հեթանոսներին դուրս հանեցիր եւ նորանց տնկեցիր. Չարչարեցիր ազգերը եւ նորանց փռեցիր։
3Որովհետեւ ոչ թէ իրանց սրովը ժառանգեցին երկիրը, եւ ոչ իրանց բազուկը փրկեց իրանց. Այլ քո աջը եւ քո բազուկը եւ քո երեսի լոյսը. որովհետեւ հաւանեցիր նորանց։
4Դու ես իմ թագաւորը, ով Աստուած. Հրամայեցիր Յակոբի փրկութիւնների համար։
5Քեզանով գետինը գցեցինք մեր թշնամիներին. Քո անունովը կոխ տուինք մեզ դէմ վեր կենողներին։
6Որովհետեւ ես իմ աղեղին չեմ յուսացել, եւ իմ սուրը չէ փրկում ինձ։
7Այլ դու ես փրկում մեզ մեր թշնամիներիցը, եւ ամօթ ես անում մեզ ատողներին։
8Աստուծով կ’պարծենանք ամեն օր, եւ քո անունիցը կ’գոհանանք յաւիտեան։ (Սէլա։)
9Բայց հիմա դէն գցեցիր եւ ամօթ արիր մեզ, եւ չես դուրս գալիս մեր զօրքի հետ։
10Դու մեզ ետ ես դարձնում թշնամիիցը, եւ մեզ ատողները յափշտակում են մեզ իրանց համար։
11Դու արիր մեզ՝ որ ոչխարի պէս կերակուր լինինք, եւ ցրուեցիր մեզ հեթանոսների մէջ։
12Ծախեցիր քո ժողովուրդը ոչինչ փողով, եւ չ’հարստացար նորանց գնովը։
13Դու մեզ նախատինք ես դնում մեր հարեւանների առաջին, ծաղր եւ խայտառակութիւն մեր չորս կողմում լինողների առաջին։
14Դու մեզ առակ ես դնում հեթանոսների մէջ, եւ գլուխ շարժելու պատճառ՝ ազգերի մէջ։
15Ամեն օր իմ նախատինքը իմ առաջին է. Եւ իմ երեսի ամօթը ծածկում է ինձ,
16Նախատողի եւ հայհոյողի ձայնիցը, թշնամիին եւ վրէժխնդրի երեսիցը։
17Այս ամենը եկաւ մեզ վերայ, եւ քեզ չ’մոռացանք, եւ քո ուխտը չ’քանդեցինք։
18Մեր սիրտը ետ չ’դարձաւ, եւ մեր գնացքը չ’ծռուեցաւ քո ճանապարհիցը.
19Թէեւ փշրեցիր մեզ չագալների տեղումը, եւ ծածկեցիր մեզ մահի շուքովը։
20Եթէ մոռացած լինէինք մեր Աստուծոյ անունը, եւ մեր ձեռքերը մեկնած լինէինք դէպի օտար Աստուած.
21Չէ՞ որ Աստուած կ’քննէր այս բանը. Որովհետեւ նա գիտէ սրտի գաղտնիքները։
22Բայց ամեն օր սպանվում ենք քեզ համար, եւ մորթուելու ոչխարի պէս ենք համարվում։
23Զարթնիր, ի՞նչու ես քնած, ով Տէր. Վեր կաց, դէն մի գցիր իսպառ։
24Ի՞նչու ես թագցնում քո երեսը, եւ մոռանում մեր խեղճութիւնը եւ նեղութիւնը։
25Որովհետեւ մեր անձը խոնարհուեց հողի մէջ, եւ մեր փորը երկրին կպաւ։
26Վեր կաց մեզ օգնութեան, եւ փրկիր մեզ քո ողորմութեան համար։