ՍԱՂՄՈՍ 45:1-17 ABA1910 - Bible AI

1Երգողների գլխաւորին. Շօշանիմով. Կորխի որդկանց. Քերթուած. Սէրի երգ։ Սիրտս բարի խօսք է բղխում. Ես ասում եմ՝ թէ իմ քերթուածը թագաւորի համար է. Իմ լեզուն ճարտար դպրի գրիչն է։

2Դու մարդկանց որդիներիցը գեղեցկագոյն ես. Շնորհք է թափուած քո շրթունքների վերայ. Սորա համար Աստուած օրհնեց քեզ յաւիտեան։

3Սուրդ մէջքդ կապիր ով Հզօր. Նա է քո պատիւը եւ քո փառքը։

4Եւ քո փառքովը յաջողուիր, եւ ձի հեծիր ճշմարտութեան, եւ հեզութեան, եւ արդարութեան համար. Եւ քո աջ ձեռքը թող ահաւոր բաներ սովորեցնէ քեզ։

5Քո նետերը սրուած են. Ազգերը քո տակն են ընկնում. Նորանք թագաւորի թշնամիների սիրտն են մտնում։

6Ով Աստուած, քո աթոռը յաւիտեանս յաւիտենից կայ. Քո թագաւորութեան գաւազանը ուղիղ գաւազան է։

7Դու սիրում ես արդարութիւնը եւ ատում ես անօրէնութիւնը. Սորա համար, ով Աստուած, օծեց քեզ քո Աստուածը ուրախութեան իւղովը աւելի քան քո ընկերներին։

8Քո հանդերձները իսպառ զմուռս եւ հալուէ է եւ կասիա են. Փղոսկրեայ պալատներիցը ուրախացնում են քեզ նուագարանով.

9Թագաւորների աղջիկները քո պատուականների մէջ են. Թագուհին կանգնած է քո աջ կողմը Ոփիրի ազնիւ ոսկիովը։

10Լսիր, աղջիկ, եւ տես, խոնարհեցրու քո ականջը. Եւ մոռացիր քո ժողովուրդը եւ քո հօր տունը։

11Եւ ապա թագաւորը կ’ցանկանայ քո գեղեցկութեանը. Որովհետեւ նա է քո տէրը, երկրպագութիւն արա նորան։

12Եւ Տիւրոսի աղջիկը ընծայով կ’ներկայանայ. Կ’խնդրեն քո երեսը ժողովրդի հարուստները։

13Թագաւորի աղջիկը իսպառ փառաւոր է ներսումը. Նորա հանդերձը ոսկեհուռ է.

14Պաճուճեալ զարդարանքով ներս կ’տարուի թագաւորի մօտ. Նորա ետեւիցը եկող աղջիկ ընկերները ներս կ’տարուին քեզ մօտ։

15Ներս կ’տարուին ուրախութիւնով եւ ցնծութիւնով. Եւ թագաւորի պալատը կ’մտնեն։

16Քո հայրերի տեղ քո որդիքը կ’լինին, եւ իշխաններ կ’դնես նորանց ամեն երկրի վերայ։

17Ես կ’յիշեմ քո անունը ազգից մինչեւ ազգ. Սորա համար ժողովուրդները կ’փառաւորեն քեզ յաւիտեանս յաւիտենից։

>