1Երգ. Կորխի որդկանց Սաղմոս։ Մեծ է Տէրը եւ շատ օրհնեալ. մեր Աստուծոյ քաղաքումը՝ իր սուրբ սարի վերայ։
2Գեղեցիկ բարձրութիւն՝ բոլոր երկրի ուրախութիւնն է Սիօն սարը, հիւսիսի կողմումն, մեծ Թագաւորի քաղաքը։
3Աստուած յայտնի է նորա պալատներումն իբրեւ ապաւէն։
4Որովհետեւ ահա թագաւորները ժողովուեցան եւ իրար հետ անց կացան։
5Նորանք տեսան եւ զարմացան, շփոթուեցան եւ շուտով փախան։
6Դողալը բռնեց նորանց այնտեղ եւ սաստիկ ցաւ՝ ինչպէս ծննդականի։
7Դու արեւելեան հողմով փշրում ես Թարսիսի նաւերը։
8Ինչպէս որ լսեցինք այնպէս էլ տեսանք Զօրաց Տիրոջ քաղաքումը՝ մեր Աստուծոյ քաղաքումը. Աստուած հաստատում է նորան մինչեւ յաւիտեան։ (Սէլա։)
9Ով Աստուած, մենք մտածում ենք քո ողորմութեան վերայ, քո տաճարի մէջ։
10Ինչպէս քո անունը, ով Աստուած, այնպէս էլ քո գովութիւնն է մինչեւ երկրի ծայրերը. Արդարութիւնով լիքն է քո աջը։
11Թող ուրախ լինի Սիօն սարը. Եւ Յուդայի աղջիկները ցնծան քո դատաստաններովը։
12Գնացէք Սիօնի չորս կողմովը, եւ նորան շրջապատեցէք. Համարեցէք նորա աշտարակները։
13Ուշադրութիւն արէք նորա բերդերին. Քննեցէք նորա պալատները, որ պատմէք գալու ազգին.
14Թէ այս Աստուածն է մեր Աստուածը միշտ եւ յաւիտեան. Սա կ’առաջնորդէ մեզ մինչեւ ի մահ։