ՍԱՂՄՈՍ 49:1-20 ABA1910 - Bible AI

1Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց Սաղմոս։ Լսեցէք այս, ով ամեն ժողովուրդներ, եւ ականջ դրէք, ով աշխարհքի բոլոր բնակիչներ.

2Հասարակ ու մեծ մարդիկ, հարուստ եւ աղքատ՝ ամենեքեան։

3Իմ բերանը պիտի իմաստութիւն խօսի, եւ իմ սրտի խորհուրդը՝ իմացողութիւն։

4Ես իմ ականջը կ’խոնարհեցնեմ դէպի առակ, եւ քնարով կ’բանամ իմ խրթին խօսքը։

5Ի՞նչու վախենամ ես չար օրերումը, թէ իմ խորամանկ թշնամիի անօրէնութիւնը պատում է ինձ.

6Որ նորանք իրանց ապրանքներին են յուսացած, եւ իրանց մեծ հարստութիւնովն են պարծենում։

7Մարդ չէ կարող իր եղբօրը փրկել, և ոչ նորա փրկանքը տալ Աստուծուն.

8Որովհետեւ թանգ է նորանց անձերի փրկանքը, եւ յաւիտեան կ’դադարի.

9Թէեւ յաւիտեան ապրի եւ ապականութիւն չ’տեսնէ։

10Որովհետեւ տեսնում է որ իմաստունները մեռնում են ինչպէս որ յիմարներն ու անմիտներն են կորչում՝ եւ իրանց հարստութիւնը ուրիշներին թողում։

11Նորանց միտքը սա է՝ թէ իրանց տունը յաւիտեան է, իրանց բնակութիւնը՝ ազգից մինչեւ ազգ. Նոքա իրանց անունովը կ’կանչուին երկիրներումը։

12Բայց մարդս պատուի մէջ չէ մնում. նման է անասուններին որ կորչում են։

13Սա է նորանց ճանապարհը որ յիմար են, եւ նորանց հետեւողները հաւանում են նորանց խօսքին։ (Սէլա։)

14Ոչխարների պէս գերեզմանի մէջ են մատնվում. Մահը նորանց հովիւն է եւ ուղիղները առաւօտանց կ’տիրապետեն նորանց. Եւ նորանց կերպարանքը կ’մաշուի գերեզմանումը իրանց բնակարաններիցը դուրս։

15Բայց Տէրն իմ անձը կ’փրկէ գերեզմանի ձեռքիցը. Որովհետեւ նա ընդունում է ինձ։ (Սէլա։)

16Մի վախենար երբոր մարդ հարստանայ, երբոր նորա տան փառքը շատանայ։

17Որովհետեւ նա իր մեռնելու ժամանակ ոչ մի բան վեր չի առնիլ իր հետ. Նորա փառքը չի գնալ նորա ետեւից։

18Թէեւ նա իր անձը օրհնում է իր կեանքումը, բայց քեզ կ’գովեն, որ բարի ես անում քեզ։

19Նա կ’մտնէ իր հայրերի ազգի մօտ, որ մինչեւ յաւիտեան լոյս չեն տեսնիլ։

20Մարդս՝ որ պատուի մէջ է եւ իմաստուն չէ, նման է անասուններին որ կորչում են։

>