ՍԱՂՄՈՍ 5:1-12 ABA1910 - Bible AI

1Երգողների գլխաւորին։ Նխիլօթի վերայ։ Դաւիթի Սաղմոս։ Տէր, ականջ դիր իմ խօսքերին, եւ միտքդ առ իմ աղաղակը։

2Միտքդ դիր իմ աղաղակի ձայնին, ով իմ Թագաւոր եւ իմ Աստուած. Որովհետեւ դէպի քեզի եմ աղաչում։

3Տէր, առաւօտանց լսիր իմ ձայնը, առաւօտանց պատրաստ կ’լինիմ քեզ համար ու կ’սպասեմ։

4Որովհետեւ դու անօրէնութեան հաճութիւն տուող Աստուած չես. Չարը չի բնակուիլ քեզ մօտ։

5Ամբարտաւանները չեն կենալ քո աչքի առաջին. Դու ատում ես բոլոր անօրէնութիւն գործողներին։

6Դու կ’կորցնես սուտ խօսողներին. Տէրն արիւն թափող եւ նենգաւոր մարդիցը զզվում է։

7Բայց ես քո շատ ողորմութիւնովը կ’մտնեմ քո տունը, եւ դէպի քո սուրբ տաճարը երկրպագութիւն կ’անեմ քո երկիւղովը։

8Տէր, առաջնորդիր ինձ քո արդարութիւնովն իմ թշնամիների պատճառով. շիտակ արա քո ճանապարհն իմ առաջին։

9Որովհետեւ նորանց բերանումը ճշմարտութիւն չ’կայ. Նորանց ներսը չարութիւնով լիքն է, նորանց կոկորդը բաց գերեզման է. Եւ իրանց լեզուովը նենգութիւն են անում։

10Դատիր նորանց, ով Աստուած, թող վայր ընկնին իրանց խորհուրդներովը. Իրանց շատ ամբարշտութիւնների համար դէն գցիր նորանց, որովհետեւ խռովութիւն են անում քեզ դէմ։

11Բայց թող ուրախ լինին բոլոր քեզ յուսացողները. Թող յաւիտեան ցնծան. Որովհետեւ դու պահպանում ես նորանց. Թող քեզանով զուարճանան քո անունը սիրողները։

12Որովհետեւ դու օրհնում ես արդարին, ով Տէր, դու հաճութիւնով պատում ես նորան ինչպէս վահանով։