1Ասափի Սաղմոս։ Աստուածների Աստուածը՝ Եհովան խօսում է. Եւ կանչում է երկրին արեւելքիցը մինչեւ արեւմուտքը։
2Սիօնի միջիցը՝ գեղեցկութեան կատարելութիւնիցը Աստուած փայլում է.
3Մեր Աստուածը կ’գայ եւ լուռ չի կենալ. նորա առաջին փչացնող կրակ եւ նորա չորս կողմովը սաստիկ մրրիկ կայ։
4Նա կանչում է երկնքին վերեւիցը, եւ երկրիս՝ որ իր ժողովրդին դատէ։
5Ժողովեցէք ինձ մօտ իմ սրբերին, որ ինձ հետ ուխտ դրին զոհով։
6Եւ երկինքը կ’պատմէ նորա արդարութիւնը. Որովհետեւ Աստուած դատաւոր է։ (Սէլա։)
7Լսիր, իմ ժողովուրդ, եւ ես խօսիմ. Ով Իսրայէլ, եւ ես վկայութիւն տամ քեզ. ես եմ Աստուած, քո Աստուածը։
8Քո պատարագների համար քեզ չեմ յանդիմանում, եւ քո ողջակէզները միշտ իմ առաջին են։
9Քո տանիցն արջառ չեմ առնում, եւ ոչ այծեր՝ քո փարախներիցը։
10Որովհետեւ իմն են անտառի ամեն գազանները եւ հազարաւոր սարերի անասունները։
11Ես գիտեմ սարերի բոլոր թռչունները, եւ վայրի գազաններն իմ առաջին են։
12Եթէ սովածանամ, քեզ չեմ ասիլ, որովհետեւ իմն է աշխարհքս եւ նորա լիութիւնը։
13Մի՞թէ ես արջառների միս կ’ուտեմ եւ այծերի արիւն կ’խմեմ։
14Պատարագիր Աստուծուն գոհութիւն, եւ վճարիր Բարձրելոյն քո ուխտերը,
15Եւ կանչիր ինձ նեղութեան օրումը. Եւ ես կ’ազատեմ քեզ, եւ դու կ’փառաբանես ինձ։
16Բայց ամբարշտին ասում է Աստուած. Քե՞զ ինչ, որ դու իմ հրամանները պատմում ես եւ իմ ուխտը բերանդ ես առնում։
17Եւ խրատն ատում ես եւ իմ խօսքը քո յետի կողմն ես գցում։
18Եթէ գող ես տեսնում, նորա հետ ես գնում. Եւ քո բաժինը շնացողների հետ է։
19Բերանդ չարութեան ես տալիս, եւ լեզուդ նենգութիւն է հնարում։
20Նստում ես եւ եղբօրդ դէմ հակառակ խօսում. Քո մօր որդիի վերայ բամբասանք ես անում։
21Այս բաներն արիր դու եւ ես լուռ կացի. կարծեցիր թէ ես էլ քեզ նման եմ. Բայց կ’յանդիմանեմ քեզ եւ քո աչքի առաջին կ’դնեմ։
22Միտք արէք այս, ով Աստուծուն մոռացողներ, մի գուցէ ես յափշտակեմ, եւ ոչ ոք չ’լինի որ փրկէ։
23Գոհութիւն պատարագ մատուցանողը փառաւորում է ինձ. Եւ ով որ իր ճանապարհին զգուշանայ, նորան ցոյց կ’տամ Աստուծոյ փրկութիւնը։