ՍԱՂՄՈՍ 51:1-19 ABA1910 - Bible AI

1Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս. Երբոր Նաթան մարգարէն նորա մօտ եկաւ՝ երբոր նա Բերսաբէի մօտ էր մտել։ Ողորմիր ինձ, Աստուած, քո ողորմութեան պէս. Եւ քո մեծ ողորմութեան պէս ջնջիր իմ անօրէնութիւնները։

2Իսպառ լուա ինձ իմ անօրէնութիւնիցը, եւ սրբիր ինձ իմ մեղքիցը։

3Որովհետեւ ես ճանաչում եմ իմ անօրէնութիւնները, եւ իմ մեղքն ամեն ժամանակ իմ առաջին է։

4Միմիայն քեզ դէմ մեղանչեցի, եւ չարը քո աչքի առաջին գործեցի. որ դու արդար լինիս քո խօսքերումը, եւ մաքուր լինիս քո դատաստանումը։

5Ահա ես անօրէնութիւնով եմ ծնուել, եւ մեղքով յղացաւ ինձ իմ մայրը։

6Ահա դու սիրում ես ճշմարտութիւնը երիկամունքներում. Եւ ծածուկ տեղը իմաստութիւն կ’սովորեցնես ինձ։

7Սրբիր ինձ զոպայով՝ եւ ես մաքուր կ’լինիմ. Լուա ինձ՝ եւ ձիւնից սպիտակ կ’լինիմ։

8Լսել տուր ինձ ցնծութիւն եւ ուրախութիւն. թող ցնծան այն ոսկորները որ կոտրատեցիր։

9Երեսդ թագցրու իմ մեղքերիցը, եւ իմ բոլոր անօրէնութիւնները ջնջիր։

10Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստուած, եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսումը։

11Դէն մի գցիր ինձ քո երեսիցը, եւ քո սուրբ հոգին մի վեր առնիր ինձանից։

12Դարձեալ տուր ինձ քո փրկութեան ուրախութիւնը, եւ կամաւոր հոգովը հաստատիր ինձ։

13Ապա անօրէններին կ’սովորեցնեմ քո ճանապարհները. Եւ մեղաւորները ետ կ’դառնան քեզ մօտ։

14Փրկիր ինձ արիւնիցը, ով Աստուած՝ իմ փրկութեան Աստուածը. Եւ իմ լեզուն կ’փառաբանէ քո արդարութիւնը։

15Տէր, բաց արա իմ շրթունքները. Եւ իմ բերանը կ’պատմէ քո գովութիւնը։

16Որովհետեւ դու պատարագ չես ուզում. Եթէ ոչ՝ ես կ’տայի քեզ. Եւ ողջակէզներին չես հաւանում։

17Աստուծոյ ընդունելի պատարագները կոտրուած հոգին է. Կոտրուած ու փշրուած սիրտը դու չես անարգիլ, ով Աստուած։

18Բարի արա Սիօնին քո քաղցրութիւնովը. Երուսաղէմի պարիսպները շինիր։

19Այն ժամանակ հաճոյ կ’լինին քեզ արդարութեան պատարագները՝ ողջակէզներն ու մատաղները. Այն ժամանակ արջառներ կ’մատուցանեն քո սեղանի վերայ։

>