1Երգողների գլխաւորին. Նկինօթով։ Դաւիթի Երգ։ Ով Աստուած, ականջ դիր իմ աղօթքին, եւ քեզ մի թագցնիր իմ աղաչանքիցը։
2Մտիկ արա ինձ վերայ եւ լսիր ինձ, որ մոլորուած եմ իմ տրտմութիւնումը եւ սուգ եմ անում.
3Թշնամիի ձայնիցը եւ ամբարշտի նեղացնելուցը. Որովհետեւ անօրէնութիւն են գցում ինձ վերայ, եւ բարկութիւնով հալածում են ինձ։
4Իմ սիրտը դողաց ինձանում, եւ մահի սարսափը ընկաւ ինձ վերայ.
5Վախ ու դող եկաւ ինձ վերայ, եւ սոսկում ծածկեց ինձ։
6Եւ ես ասեցի. Ոհ թէ թեւ ունենայի աղաւնիի պէս, որ թռչէի եւ հանգչէի։
7Ահա կ’փախչէի, կ’հեռանայի, անապատումը կ’կենայի։ (Սէլա։)
8Կ’շտապէի որ ինձ համար ապաստան գտնեմ փոթորկալից քամիիցը եւ մրրկիցը։
9Ով Տէր, կործանիր՝ բաժանիր նորանց լեզուն. որովհետեւ անիրաւութիւն եւ հակառակութիւն տեսայ քաղաքումը։
10Ցերեկ եւ գիշեր շրջապատում են նորա չորս կողմովը նորա պարիսպների վերայ. Անօրէնութիւն եւ չարագործութիւն կայ նորա մէջ։
11Անիրաւութիւն կայ նորա մէջ. Եւ խաբէութիւն եւ զրկողութիւն չէ պակասում նորա փողոցներիցը։
12Որովհետեւ եթէ թշնամին ինձ նախատինք տար՝ կ’համբերէի. Եւ եթէ ինձ ատողը պարծենար ինձ վերայ՝ կ’թագչէի նորանից։
13Բայց դու ինձ հաւասար մարդ ես՝ իմ սրտակիցը եւ իմ բարեկամը.
14Որ մենք իրար հետ քաղցրութիւնով խորհուրդ էինք անում եւ Աստուծոյ տունն էինք գնում ամբոխի հետ։
15Թող մահ հասնէ նորանց վերայ, եւ կենդանի կենդանի խորտակուին դժոխքի մէջ. Որովհետեւ չարութիւններ կան նորանց բնակարաններումը՝ նորանց ներսումը։
16Բայց ես դէպի Աստուած կ’կանչեմ. Եւ Տէրը կ’փրկէ ինձ։
17Իրիկունն ու առաւօտը եւ կէս օրին ողբում եմ եւ հառաչում. Եւ նա կ’լսէ իմ ձայնը։
18Նա խաղաղութիւնով կ’փրկէ իմ անձը այն կռուիցը որ ինձ դէմ է. Որովհետեւ շատ են նորանք՝ որ ինձ հետ են։
19Աստուած կ’լսէ, եւ կ’նեղացնէ նորանց, նա՝ որ վաղուց կայ. (Սէլա։) որովհետեւ նորանք չեն փոխվում եւ Աստուածանից չեն վախենում։
20Իր ձեռքերը գցում է իր խաղաղ ընկերների վերայ, իր դաշինքը դրժում է։
21Նորա բերանը իւղիցը աւելի կակուղ է, բայց կռիւ կայ նորա սրտումը. Նորա խօսքերը ձէթիցն աւելի կակուղ են, բայց սրած թուր են։
22Քո հոգսն Աստուծոյ վերայ գցիր, եւ նա խնամք կ’անէ քեզ. նա թող չի տալ որ արդարը յաւիտեան շարժուի տեղիցը։
23Եւ դու, ով Աստուած, վայր կ’գցես նորանց ապականութեան հորի մէջ. արիւն թափող ու նենգաւոր մարդիկը իրանց օրերը մինչեւ կէսը չեն հասցնիլ. Բայց ես քեզ եմ յուսացած։