1Երգողների գլխաւորին. Համր աղաւնիի հեռաւորութեանց եղանակովը. Դաւիթի Երգ։ Երբոր Փղշտացիք բռնեցին նորան Գէթումը։ Ով Աստուած, ողորմիր ինձ. Որովհետեւ մարդն ինձ ուզում է կուլ տալ. Ամեն օր պատերազմելով նեղացնում է ինձ։
2Թշնամիքս ամեն օր կամենում են կուլ տալ ինձ. Որովհետեւ շատ են ինձ հետ ամբարտաւանութիւնով կռիւ անողները։
3Ինչ օր որ վախենամ՝ քեզ կ’յուսամ։
4Աստուծով կ’գովեմ նորա խօսքը. Աստուծուն եմ յուսացած՝ չեմ վախենալ. Ի՞նչ կ’անէ ինձ մարմինը։
5Ամեն օր ծռում եմ խօսքերս. Նորանց ինձ վերայ արած բոլոր խորհուրդները դէպի չարութիւնն են։
6Նորանք հաւաքվում են եւ թաք կենում. Իմ ոտների հետքերին մտիկ են տալիս. Որովհետեւ սպասում են իմ անձին։
7Մի՞թէ անօրէնութիւնով փրկութիւն կ’լինի նորանց. Բարկութիւնով վայր գցիր ժողովուրդները, ով Աստուած։
8Իմ թափառիլը դու համարում ես. Իմ արտասուքները դիր քո տկի մէջ. ահա նորանք քո գրքումն են։
9Այն ժամանակ իմ թշնամիքը ետ կ’դառնան քեզ կանչած օրս. Այս ես գիտեմ որ Աստուած ինձ հետ է։
10Աստուծով կ’գովեմ նորա խօսքը. Տէրով կ’գովեմ նորա խօսքը։
11Ես Աստուծուն եմ յուսացած՝ չեմ վախենալ. Ի՞նչ կ’անէ ինձ մարդը։
12Ով Աստուած, քո ուխտերն ինձ վերայ են. Գոհութեան պատարագներ կ’մատուցանեմ քեզ։
13Որովհետեւ դու իմ անձը փրկեցիր մահիցը. Այո, ոտներս՝ գայթակղելուցը, որ Աստուծոյ առաջին ման գամ կենդանեաց լոյսի մէջ։