1Դաւիթի Սաղմոս. երբոր նա Յուդայի անապատումն էր։ Ով Աստուած, դու ես իմ Աստուածը. Առաւօտանց քեզ եմ ման գալիս. հոգիս ծարաւ է քեզ համար. Մարմինս քեզ է ցանկանում ցամաք եւ ծարաւ երկրում, ուր որ ջուր չ’կայ։
2Այնպէս սրբութեան տեղումը նայեցի քեզ, որ քո զօրութիւնն ու փառքը տեսնեմ։
3Որովհետեւ քո ողորմութիւնը լաւ է քան թէ կեանքը. Իմ շրթունքներս պիտի գովեն քեզ։
4Այսպէս կ’օրհնեմ քեզ իմ կեանքումը. Քո անունովը կ’բարձրացնեմ իմ ձեռքերը։
5Իմ կեանքը կ’կշտանայ ինչպէս ճարպով եւ պարարտութիւնով, եւ իմ բերանը կ’օրհնէ քեզ ուրախ շրթունքներով։
6Երբոր քեզ յիշում եմ անկողնումս գիշերուան պահերումը քեզ վերայ եմ մտածում։
7Որովհետեւ դու ինձ օգնութիւն եղար. Եւ ես քո թեւերի հովանաւորութեան տակ կ’ցնծամ։
8Իմ անձը պինդ քո ետեւիցն է ընկնում. Քո աջը հաստատ պահում է ինձ։
9Բայց նորանք իմ անձի կորուստն են ուզում. Վայր կ’ընկնեն երկրի խորերի մէջ.
10Սրի ձեռը կ’մատնուին. Չագալների բաժին կ’լինին։
11Բայց թագաւորն Աստուծով կ’ուրախանայ. Կ’պարծենան բոլոր նորանով երդում անողները, որովհետեւ կ’խփուի սուտ խօսողների բերանը։