ՍԱՂՄՈՍ 65:1-13 ABA1910 - Bible AI

1Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս. Երգ։ Ով Աստուած, քեզ սպասում է հանգստութիւնով օրհնաբանութիւն Սիօնի մէջ. Եւ քեզ ուխտ են հատուցանում։

2Դու լսում ես աղօթք. ամեն մարմին քեզ մօտ է գալիս։

3Անօրէնութիւնները զօրացան ինձ վերայ, մեր ամբարշտութիւնները դու քաւում ես։

4Երանի նորան՝ որ դու ընտրում ես եւ ընդունում, որ քո սրահումը բնակուի. Թող կշտանանք քո տան՝ սուրբ տաճարի բարիքներովը։

5Զարհուրելի կերպով՝ արդարութիւնով կ’պատասխանես մեզ, ով մեր փրկութեան Աստուած, որ երկրի ամեն ծայրերի եւ ծովի հեռաւոր տեղերում բնակողների յոյսն ես։

6Որ սարերը հաստատում է իր կարողութիւնովը, եւ զօրութիւն է հագած։

7Որ ծովի ձայնը ցածացնում է՝ նորա ալիքների ձայնը եւ ազգերի խռովութիւնը։

8Որ քո նշաններիցը վախենան երկրի ծայրերումը բնակողները, որ ուրախացնում ես առաւօտեան եւ իրիկուան ելքը։

9Դու տես ես գալիս երկրին եւ խմեցնում ես նորան. Շատ հարստացնում ես նորան. Աստուծոյ գետը լիքն է ջրով. Ցորեն ես պատրաստում նորանց համար. Որովհետեւ այսպէս պատրաստեցիր նորան։

10Դու խմեցնում ես նորա ակօսներին. Ցածացնում ես նորա վարածը. Անձրեւով կակղացնում ես նորան եւ օրհնում ես նորա բուսածը։

11Դու պսակում ես տարին քո բարիքներովը, եւ քո հետքերը պարարտութիւն են կաթեցնում։

12Պարարտ են անապատի դաշտերը. Եւ բլուրները ցնծութիւն են հագած։

13Արօտները հագուած են ոչխարներով, եւ հովիտները ծածկուած են ցորենով. Աղաղակում են ցնծութիւնով եւ երգում։

>