ՍԱՂՄՈՍ 66:1-20 ABA1910 - Bible AI

1Երգողների գլխաւորին. Սաղմոս. Երգ։ Ցնծութիւնով աղաղակեցէք դէպի Աստուած, ով ամեն երկիրներ։

2Սաղմոս ասեցէք նորա անունի փառքին. փառաւոր արէք նորա գովութիւնը։

3Ասեցէք Աստուծուն. Ի՜նչ զարմանալի են քո գործքերը. քո մեծ զօրութեան համար քո թշնամիները կ’շողոքորթեն քեզ։

4Ամեն երկիր քեզ երկրպագութիւն պիտի տայ եւ սաղմոս ասէ քեզ. Սաղմոս ասէ քո անունին։ (Սէլա։)

5Եկէք եւ տեսէք Աստուծոյ գործերը. Նա ահաւոր է իր գործքերովը մարդկանց որդկանց վերայ։

6Ծովը ցամաքի փոխեց. գետի միջովն անց կացան ոտով. Այնտեղ մենք ուրախ եղանք նորանով։

7նա տիրապետում է իր ոյժովը յաւիտեան, նորա աչքերը նայում են հեթանոսների վերայ. ապստամբուածները թող չ’բարձրանան։ (Սէլա։)

8Ով ժողովուրդներ, օրհնեցէք մեր Աստուծուն. Եւ լսել տուէք նորա գովութեան ձայնը։

9Նա մեր անձինքը պահում է կեանքի մէջ. Եւ թող չէ տալիս որ մեր ոտները սասանին։

10Որովհետեւ դու փորձեցիր մեզ, ով Աստուած. քննեցիր մեզ ինչպէս որ արծաթը քննվում է։

11Դու մտցրիր մեզ որոգայթի մէջ. Ծանր բեռ դրիր մեր մէջքի վերայ։

12Մարդիկ հեծցրիր մեր գլխի վերայ. Կրակի եւ ջրի մէջ մտանք. Եւ դու հանեցիր մեզ առատութեան տեղ։

13Ես ողջակէզներով քո տունը կ’մտնեմ. կ’հատուցանեմ քեզ իմ ուխտերը,

14Որ իմ շրթունքները խոստացան, եւ իմ բերանը խօսեց իմ նեղութեան ժամանակ։

15Պարարտ ողջակէզներ կ’մատուցանեմ քեզ խոյերի զոհի բուրմունքով. Պատարագ կ’բերեմ արջառներ նոխազների հետ։ (Սէլա։)

16Եկէք լսեցէք, ամենքդ՝ որ Աստուածանից վախենում էք, եւ պատմեմ ձեզ ինչ որ արաւ նա իմ անձի համար։

17Ես կանչեցի դէպի նա իմ բերանովը եւ փառաբանութիւն կար իմ լեզուի տակ։

18Եթէ ես անօրէնութիւն տեսնէի իմ սրտումը, Տէրը չէր լսիլ ինձ։

19Սակայն Աստուած լսեց, եւ իմ աղօթքի ձայնին մտիկ արաւ։

20Օրհնեա՜լ է Աստուած, որ իմ աղօթքը դէն չէ գցում. Եւ իր ողորմութիւնը ինձանից չէ դարձնում։

>