ՍԱՂՄՈՍ 68:1-35 ABA1910 - Bible AI

1Երգողների գլխաւորին. Դաւիթի սաղմոս. Երգ։ Թող Աստուած վեր կենայ, նորա երեսիցը փախչեն նորան ատողները։

2Ինչպէս որ ծուխը փչանում է՝ փչացրու նորանց. ինչպէս որ մոմը հալվում է կրակի առաջին, թող ամբարիշտները կորչեն Աստուծոյ երեսիցը։

3Բայց արդարները պիտի ուրախանան եւ ցնծան Աստուծոյ առաջին, եւ զուարճանան ուրախութիւնով։

4Երգեցէք Աստուծուն. Սաղմոս ասեցէք նորա անունին. Ճանապարհ պատրաստեցէք անապատի միջովը հեծած եկողին. Եահ է նորա անունը. Եւ ցնծացէք նորա առաջին։

5Որբերի հայր եւ որբեւայրիների դատաւոր է Աստուած իր սրբութեան տեղումը։

6Աստուած մինակներին բնակեցնում է տան մէջ, գերիներին հանում է յաջողութեան մէջ. Բայց ապստամբուածները բնակվում են չոր տեղում։

7Ով Աստուած, դու քո ժողովրդի առաջից գնալիս, անապատի մէջ անց կենալիս, (Սէլա։)

8Երկիրը դողաց եւ երկինքը շաղ թափեց Աստուծոյ երեսիցը. Այն Սինա սարն էլ դողաց Աստուծոյ՝ Իսրայէլի Աստուծոյ երեսիցը։

9Առատութիւնների անձրեւ տեղացիր, ով Աստուած. քո ժառանգութիւնը՝ որ յոգնած էր՝ դու զօրացրիր։

10Քո ժողովուրդը բնակուեց այնտեղ. քո քաղցրութիւնովը կերակուր պատրաստեցիր խեղճի համար, ով Աստուած։

11Տէրը տալիս է խօսքը. Աւետարանողները մեծ բազմութիւն են։

12Զօրութիւնների թագաւորները կ’փախչոտեն, բայց տան մէջ բնակող կինը կ’բաժանէ աւարը։

13Երբոր մակաղների մէջտեղերումը հանգստանում էք, աղաւնիի թեւերը փայլում են արծաթով պատած, եւ նորանց փետուրները՝ դեղին ոսկիով։

14Ամենակարողը թագաւորներին այն երկրումը ցրուելու ժամանակ, փայլուն եղաւ ինչպէս ձիւն Սաղմօնումը։

15Ով Աստուծոյ սար, Բասան, ով բարձր եւ պարարտ սար.

16Ով բարձր սարեր, ի՞նչու էք նախանձով նայում. սա այն սարն է որ Աստուած նորան հաւանեց նորա վերայ բնակուելու համար. Տէրը յաւիտեան կ’բնակուի նորանում։

17Աստուծոյ կառքերը երկու բիւր են՝ հազարապատիկ. Տէրը նորանցում է՝ Սինայումը՝ սրբութեան տեղումը։

18Վեր ելար բարձր տեղերը, գերի արիր գերութիւնը. պարգեւներ առիր մարդկանց համար եւ ապստամբուածների համար էլ, որ Աստուած այնտեղ բնակուի։

19Օրհնեալ է Տէրը օրէ ցօր. Եթէ բեռ դնելու լինին մեզ վերայ, Աստուած է մեր փրկութիւնը։ (Սէլա։)

20Աստուած մեզ համար փրկութեան Աստուած է, եւ Տէր Եհովան ազատում է մահից։

21Սակայն Աստուած կ’փշրէ իր թշնամիների գլուխը եւ նորանց մազոտ գագաթը որ դնում են իրանց անօրէնութիւնների մէջ։

22Տէրն ասեց. Բասանիցը ետ կ’դարձնեմ նորանց՝ ծովի անդունդիցը ետ կ’դարձնեմ։

23Որ քո ոտը արիւնով թրջես եւ քո շների լեզուն թշնամիներիցն իր բաժինը առնէ։

24Տեսան քո գնացքը, ով Աստուած. Իմ Աստուծոյ՝ իմ թագաւորի գնացքը սրբութեան մէջ։

25Առաջ երգեցողները գնացին, յետոյ նուագածուները՝ թմբուկ ածող կոյս աղջիկների մէջտեղը։

26Ժողովուրդների մէջ օրհնեցէք Տէր Աստուծուն, դուք որ Իսրայէլի աղբիւրիցն էք։

27Այնտեղ է փոքր Բենիամինը՝ նորանց տիրապետողը. Յուդայի իշխաններն՝ իրանց խումբովը. Զաբուղօնի իշխաններն, Նեփթաղիմի իշխանները։

28Քո Աստուածը հաստատեց քո զօրութիւնը. Զօրացրու նորան, ով Աստուած, որ մեզ համար արիր։

29Քո տաճարի համար Երուսաղէմումը թագաւորներն ընծայ կ’բերեն քեզ։

30Սաստիր եղէգի գազանին, արջառների ժողովքի՝ ազգերի երինջների հետ. որ երեսի վերայ ընկնեն արծաթի կտորներովը. Ցրուիր այն ազգերը որ կռիւ են կամենում։

31Իշխաններ կ’գան Եգիպտոսիցը. Եթոպացիքն իրանց ձեռքերը կ’մեկնեն դէպի Աստուած։

32Ով երկրի թագաւորութիւններ, երգեցէք Աստուծուն, սաղմոս ասեցէք Տիրոջը. (Սէլա։)

33Նորան՝ որ յաւիտենից նստում է երկինքների երկնքի վերայ. Ահա իր ձայնովը զօրաւոր ձայն կ’տայ։

34Զօրութիւն տուէք Աստուծուն. Նորա մեծ փառաւորութիւնը Իսրայէլի վերայ, եւ նորա զօրութիւնը ամպերի մէջ է։

35Զարմանալի ես քո սրբութեան տեղումը, ով Աստուած՝ Իսրայէլի Աստուածը. Նա զօրութիւն եւ կարողութիւն է տալիս ժողովրդին. Օրհնեալ է Աստուած։

>