1Դաւիթի Շիկկայօն, որ Տիրոջը երգեց Բենիամինեան Քուշի խօսքերի համար։ Ով Տէր՝ իմ Աստուած, ես քեզ վերայ եմ դրել իմ յոյսը. փրկիր ինձ իմ ամեն հալածողներիցը եւ ազատիր ինձ։
2Որ իմ անձը առիւծի պէս չ’յափշտակէ եւ պատառէ, եւ ազատող չ’լինի։
3Ով Տէր՝ իմ Աստուած, եթէ այս բանը արել եմ, եթէ անիրաւութիւն կայ իմ ձեռքերումը.
4Եթէ չար եմ հատուցրել ինձ հետ խաղաղ լինողին, եւ կողոպտել եմ՝ ինձ զուր տեղը նեղացնողին.
5Ապա թող թշնամին հալածէ իմ անձը եւ հասնէ նորան. Եւ նա իմ կեանքը կոխ տայ գետնի վերայ, եւ իմ փառքը հողի մէջ բնակեցնէ։ (Սէլա։)
6Վեր կաց, ո՜վ Տէր քո բարկութիւնովը, բարձրացիր իմ նեղացնողների կատաղութեան համար, եւ արթնացիր ինձ համար դու՝ որ իրաւունք պատուիրեցիր։
7Եւ ազգերի ժողովքը թող շրջապատէ քեզ, եւ նորանց վերայ դարձիր դէպի բարձր տեղերը։
8Տէրը դատաստան է անում ազգերի վերայ. Դատիր ինձ, Տէր, իմ արդարութեան պէս եւ իմ անմեղութեան պէս, որ ինձանում կայ։
9Թող վերջանայ ամբարիշտների չարութիւնը, եւ հաստատիր արդարին. Որովհետեւ դու սրտեր ու երիկամունքներ քննող ես, ով արդար Աստուած։
10Իմ ասպարն Աստուած է, որ փրկում է սրտով ուղիղներին։
11Աստուած արդար դատաւոր է, եւ Աստուած ամեն օր բարկանում է ամբարշտի վերայ,
12Եթէ ետ չ’դառնայ, նա իր սուրը կ’սրէ, իր աղեղը լարել եւ պատրաստել է.
13Եւ մահի գործիքներ է պատրաստել նորա համար, եւ իր նետերը բորբոքուած արաւ։
14Ահա նա անօրէնութեան երկունք է քաշում. Յղացած է չարութիւնով եւ ծնում է խաբէութիւն։
15Հոր փորեց ու խորացրեց, բայց ինքն ընկաւ այն խորի մէջ՝ որ շինեց։
16Նորա չարութիւնը կ’դառնայ նորա գլխի վերայ. Եւ նորա անիրաւութիւնը վայր կ’գայ իր գագաթի վերայ։
17Ես կ’գոհանամ Տէրիցը իր արդարութեան համար եւ սաղմոս կ’ասեմ բարձրեալ Տիրոջ անունին։