ՍԱՂՄՈՍ 72:1-20 ABA1910 - Bible AI

1Սողոմոնի (Սաղմոս)։ Ով Աստուած, քո իրաւունքները թագաւորին տուր, եւ քո արդարութիւնը թագաւորի որդիին։

2Նա քո ժողովրդին դատէ արդարութիւնով. Եւ քո խեղճերին իրաւունքով։

3Սարերը խաղաղութիւն բուսացնեն ժողովրդի համար եւ բլուրները արդարութիւնով լցուին։

4Նա իրաւունք անէ ժողովրդի աղքատներին. Խեղճերի որդիքը փրկէ եւ զրկողներին ջարդէ.

5Վախենան քեզանից քանի որ արեգակը կայ, եւ լուսնի առաջին՝ ազգից մինչեւ ազգ։

6Վայր գայ ինչպէս անձրեւ հնձած խոտի վերայ. ինչպէս շաղ՝ որ ոռոգում է երկիրը։

7Նորա օրերումը ծաղկի արդարը. Եւ շատ խաղաղութիւն՝ մինչեւ որ լուսին էլ չ’լինի։

8Եւ նա տիրապետէ ծովիցը մինչեւ ծովը. Եւ Գետիցը մինչեւ երկրի ծայրերը։

9Նորա առաջին խոնարհուին անապատում բնակողները, եւ նորա թշնամիները փոշի լիզեն։

10Թարսիսի եւ կղզիների թագաւորներն ընծայ մատուցանեն. Շաբայի եւ Սաբայի թագաւորներն պարգեւ բերեն։

11Եւ ամեն թագաւորները երկրպագութիւն տան նորան. Ամեն ազգերը ծառայեն նորան։

12Որովհետեւ նա կ’փրկէ խեղճին որ աղաղակում է, եւ աղքատին՝ որ օգնական չ’ունի։

13Նա կ’խղճայ տկարին եւ խեղճին, եւ խեղճերի անձերը կ’ապրեցնէ։

14Նենգութիւնից եւ բռնութիւնից կ’փրկէ նորանց անձերը. Եւ նորանց արիւնը պատուական կ’լինի նորա առաջին։

15Եւ նա կ’ապրի եւ կ’տան նորան Շաբայի ոսկիիցը. Եւ աղօթք կ’անեն նորա համար ամեն ժամանակ. Ամեն օր կ’օրհնեն նորան։

16Ցորենի առատութիւն կ’լինի երկրի մէջ սարերի գլուխների վերայ. Նորա պտուղը կ’շարժուի ինչպէս Լիբանանը. Եւ քաղաքիցը կ’ծաղկեն ինչպէս երկրի խոտը։

17Նորա անունը կ’լինի յաւիտեան. Դեռ քանի որ արեգակը կ’կենայ. Նորա անունը կ’մնայ, եւ կ’օրհնուին նորանով. ամեն հեթանոսները երանի կ’տան նորան։

18Օրհնեալ է Տէր Աստուած՝ Իսրայէլի Աստուածը. Որ մինակ նա է հրաշք անող։

19Եւ օրհնեալ է նորա փառաւոր անունը յաւիտեան. Եւ թող ամեն երկիր լցուի նորա փառքովը. ամէն եւ ամէն։

20վերջացան Յեսսէի որդի՝ Դաւիթի աղօթքները։

>