ՍԱՂՄՈՍ 74:1-23 ABA1910 - Bible AI

1Ասափի Երգ։ Ով Աստուած, ի՞նչու ես մեզ բոլորովին մերժում. քո բարկութիւնը բորբոքվում է քո արօտի ոչխարների վերայ։

2Յիշիր քո ժողովրդին որ ստացար սկզբիցը. Փրկեցիր, որ քեզ ժառանգութեան վիճակ լինի, այս Սիօնի սարը որ նորանում բնակուած ես։

3Բարձրացրու քո քայլերը մշտական աւերմունքների վերայ. Թշնամին բոլորն ապականեց սրբութեան տեղումը։

4Քո հակառակորդները գոռում են ժողովարանիդ մէջ. իրանց նշանները՝ նշանների տեղ են դնում։

5Նա երեւում է ինչպէս մի կացին բարձրացնող անտառի ծառերի վերայ։

6Եւ հիմա նորա ամեն քանդակագործ զարդարանքը կոտրատեցին կացիններով եւ մուրճերով։

7Կրակ գցեցին քո սրբարանի մէջ, գետնի տալով պղծեցին քո անունի բնակարանը։

8Իրանց սրտերումն ասեցին. Սորանց ամենը միասին կորցնենք. Այրեցին Աստուծոյ ամեն ժողովարանները երկրի մէջ։

9Մեր նշանները չենք տեսնում. էլ մարգարէ չ’կայ. Եւ մեզ մօտ մէկ գիտացող չ’կայ. Մինչեւ ե՞րբ։

10Ով Աստուած, մինչեւ ե՞րբ է նախատելու նեղացնողը. Մի՞թէ թշնամին պիտի բոլորովին անարգէ քո անունը։

11Ի՞նչու ես ետ դարձնում ձեռքդ եւ աջդ. Հանիր ծոցիցդ, կորցրու նորանց։

12Բայց Աստուած է իմ թագաւորը սկզբիցը որ փրկութիւններ արաւ երկրի մէջ։

13Դու ծովը պատառեցիր քո զօրութիւնովը, վիշապների գլուխները փշրեցիր ջրերի մէջ։

14Դու ջարդեցիր Լեւիաթանի գլուխները. նորան կերակուր տուիր ժողովրդին անապատումը։

15Դու աղբիւրներ եւ առուներ բղխեցրիր. Դու սաստիկ գետեր ցամաքեցրիր։

16Քոնն է ցերեկը եւ քոնն է գիշերը. Դու պատրաստեցիր լուսաւորները եւ արեգակը։

17Դու հաստատեցիր երկրի ամեն սահմանները. դու ստեղծեցիր ամառը եւ ձմեռը։

18Ապա միտքդ բեր այս՝ որ թշնամին նախատինք է տալիս Տիրոջը. Եւ յիմար ազգը անարգում է քո անունը։

19Քո տատրակի անձը մի մատնիր գազանին. Քո աղքատների կեանքը մի մոռանար իսպառ։

20Նայիր քո ուխտի վերայ, որովհետեւ երկրի խաւար տեղերը անօրէնութեան բնակարաններով լցուած են։

21Թող խեղճը ետ չ’դառնա ամօթով. Թող խեղճը եւ աղքատը օրհնեն քո անունը։

22Վեր կաց, ով Աստուած, դատիր քո դատաստանը. յիշիր այն նախատինքը, որ յիմարն ամեն օր քեզ վերայ է դնում։

23Մի մոռանար քո թշնամիների ձայնը եւ քեզ դէմ վեր կացածների խռովութիւնը, որ ամեն ժամանակ բարձրանում է։

>